Խմելու ջրի թանկացումը կհանգեցնի մի շարք խնդիրների. բնապահպան

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։  Խմելու ջրի սակագնի բարձրացման պատճառը կապված է ընկերության մեծ խնդիրների ու կորուստների հետ: Ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի ընկերությունը պետք է հիմնավորում ներկայացնի, սակայն թանկացումը կհանգեցնի մի շարք խնդիրների. ««Վեոլիա ջուր» ընկերության կողմից խմելու ջրի սակագնի բաձրացմումը մեկ խորանարդ մետրի դիմաց 14.3 դրամ թանկացումը միգուցե տնտեսական առումով արդարացված է, սակայն սոցիալական և էկոլոգիական առումներով արդարացված չէ: Եթե մարդ չկարողանա բավականաչափ ջուր օգտագործել, ապա չի պահպանվի սանիտարահիգենիկ պայմանները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի շատ խնդիրների, ինչպիսիք են ինֆեկցիայի բռնկումը և տարածումը»,- ասաց բնապահպանը:

Խոսելով ընկերության կուրուստների չափերից՝ Կարինե Դանիելյանը նշեց, որ ըստ որոշ տվյալների՝ դրանք հասնում են 60-ից 80%-ի, ինչի արդյունքում էլ համակարգը կապիտալ վերանորոգման կարիք ունի:

 «Ընկերության մոտեցումը հասկանալի է, բայց անհասկանալի է պետության դիրքորոշումը՝ բավարարել թանկացման պահանջն առանց պահանջներ սահմանելու»,-ասաց բնապահպանը, նշելով որ կա նաև մեկ այլ երևույթ, ըստ որի՝ պարզապես կան մարդիկ, որոնք օրենքից բարձր են՝ ջուրը օգտագործում են, բայց չեն վճարում, իսկ դա ընկերությունում համարում են կորուստ:

Ըստ բնապահպանի՝  բազմաթիվ երկրներում, ինչպես նաև մեզ մոտ, ջուրը չի դիտվում որպես մարդու իրավունքի դրսևորում, այլ հակառակը՝ դիտվում է որպես ուղղակի ապրանք: Սակայն, ի տարբերություն մեր երկրի,  մյուս երկրներում գործում է զեղչային համակարգ:

Նշենք, որ ըստ հրապարակումների՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը առաջարկում է ներկայում 1³ մ. ջրի արժեքը սահմանված 180 դրամից հասցնել 194.3 դրամի: Խոշոր բաժանորդների համար սակագինը 54 դրամից առաջարկվում է հասցնել 58.3-ի:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ