Ամուսնալուծությունների 20-30% տեղի են ունենում սոցցանցերի պատճառով

Հայաստանում ամուսնալուծությունների թիվը գնալով ավելանում է: Հոգեբան Էլոննա Ավետյանի խոսքերով պատճառն այն է, որ հաճախ մարդիկ ընդհանուր հետաքրքրություններ չեն ունենում, և զուգընկեր ընտրելիս հաշվի չեն առնում  ինտելեկտուալ, սոցիալական, հուզական և սեռական ռեզոնանսները. «Եթե զույգերը հաշվի առնեն դրանք և երկուսի դեպքում էլ ռեզոնանսները համընկնեն, ապա կստեղծվի ամուր ընտանիք»,- ասաց նա:

Հոգեբանի կարծիքով կյանքի ընթացքում ամուսնալուծության են բերում կոնֆլիկտները, ինչպես նաև բարեկամների կամ ծանոթների միջամտությունը: Կոնֆլիկտներն առաջանում են, քանի որ զույգերի մեջ չի լինում համընդհանուր նպատակ` ընտանիք ստեղծելու համար: Բացի այդ հետագայում զույգերի մոտ մարում է նաև հետաքրքրությունը միմյանց նկատմամաբ. «Միգուցե սկզբում իրար ընտրում են արտաքին տեսքը հավանելով, սակայն հետագայում այն արդեն չի բավականացնում, որոշ ժամանակ է անցնում և այդ ամենը հանգչում է»:

Երբեմն զույգերը անլրջությամբ են մոտենում ամուսնությանը, շատ են նաև  դեպքերը, երբ ծնողները միջամտում են ամուսնության հարցում և իրենք են ընտրում զուգընկերոջը կամ որոշում, որ այս ընտանիքի հետ պետք է բարեկամական կապ պահեն:

«Այս դեպքում ավելի լավ է մարդ մնա միայնակ, բայց երջանիկ, քան  զույգով և տառապանքի մեջ»,- ասաց նա:

Անդրադառնալով ամուսինների միջև եղած տարիքային տարբերությանը՝ հոգեբանը նշեց, որ շատ սխալ է, երբ ամուսինների միջև տարիքային տարբերությունը լինում է բավականին մեծ: 7-8 տարի տարիքային տարբերության դեպքում կոնֆլիկտները բավականին դժվար են հաղթահարվում: Ըստ հոգեբանի ամուսինների միջև տարիքային տարբերությունը պետք է լինի 5-6 տարի, և՛ տղայի դեպքում, և՛ աղջկա դեպքում:

Հոգեբանի հավաստմամաբ ամուսնության ճիշտ ժամանակը 25-ից հետո է, քանի որ այդ ժամանակ անձը լիովին պատրաստ է լինում ամուսնության:

Կան դեպքեր, երբ ամուսնալուծությունը անխուսափելի է և ավելի ճիշտ է, որ զույգը բաժանվի:

«Հաճախ ամուսինները բողոքում են, որ կինը իրենց վրա ուշադրություն չի դարձնում: Շատ դեպքերում կանայք չեն լսում իրենց ամուսիններին, քանի որ նրանք չեն կարողանում զսպել իրենց և համբերատար չեն»,-ասաց հոգեբանը:

Հոգեբանը նաև նշեց, որ ամուսնալուծությունները բացասաբար են ազդում ինչպես զույգերի, այնպես էլ երեխաների վրա. «Ամուսնալուծությունը երեխաների համար հոգեկան տրավմա է: Եղել են դեպքեր, երբ երեխայի մոտ նույնիսկ կակազություն է սկսվել»:

Վերջում հոգեբանը ավելացրեց, որ ամուսնալուծությունների հարցում մեծ է նաև սոցցանցերի դերը, քանի որ ամուսնալուծությունների 20-30%  տեղի է ունենում սոցցանցերի պատճառով:

Նյութը՝ Ելենա Արամյանի