Թրամփը կրկին որակել է ԱՀԿ-ն որպես «համընդհանուր աղետ»

Օրեր առաջ Օհայո նահանգում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) և ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին։ Նա հերթական անգամ ԱՀԿ-ն որակել է որպես «համընդհանուր աղետ»։

Ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև՝ Թրամփը հայտարարել է, որ Օհայո նահանգի արդյունաբերական ոլորտում կրճատվել է ավելի քան 200 հազար աշխատատեղ այն բանից հետո, երբ Չինաստանը միացել է Առևտրի համաշխարային կազմակերպությանը։ Թրամփը կրկին քննադատություն է հնչեցրել ԱՄՆ քաղաքական գործիչների  հասցեին՝ տնտեսական ոլորտում վերջիններիս իրականացրած գործողությունների համար: ԱՄՆ նախագահը նշել է, որ տասնամյակներ շարունակ ամերիկացի քաղաքական գործիչների վարած քաղաքականության պատճառով շատ պետություններ թալանել են իր երկրի հարստությունը և խոչընդոտել են երկրի տնտեսության զարգացմանը։ «Չեմ կարծում, որ նրանք նման գործունեություն են ծավալել գիտակցաբար։ Նրանք պարզապես չեն գիտակցել և չեն հասկացել իրավիճակի լրջությունը»,- նշել է երկրի ղեկավարը։

ԱՄՆ նախագահը բազմիցս քննադատել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է լուրջ գործողություններ ձեռնարկել՝ միջազգային կազմակերպությունը բարեփոխելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ