«Վարորդն անմեղ մեղավոր է». Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանում

 Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր կայացավ Հրաչյա Հարությունյանի գործով առաջին դատական նիստը Հայաստանում: Նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:

 Ամբաստանյալ Հարությունյանին դատարան բերեցին մինչ դատավորի գալը, ինչը լրագրողներին հնարավորություն տվեց մի քանի բառ փոխանակել Հրաչյայի հետ: Վերջինս նշեց, որ ռուսական բանտում իրեն լավ են վերաբերվել, սակայն բավական երկար ժամանակ անցկացրել է պատժախցում:

 «Ասում էին՝ ճաշարան չեմ գնացել, դրա համար են պատժախուց տանում, բայց դա այդպես չէր»,- ասաց Հրաչյա Հարությունյանը:

 Մեր այն հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, պատասխանեց, որ մեղավոր է միայն կանոնները խախտելու համար, նշելով՝ մեքենան սարքին է եղել:

 Դատավորի ժամանելուն պես, նիստը սկսվեց, որին բացի ամբաստանյալից, ներկայացել էր նաև ԱՆ ՔԿՎ իրավաբանական վարչության պետ Տիգրան Սահակյանը: Վերջինս միջնորդել էր դատարանին՝ ճանաչել ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճիռը: Հրաչյա Հարությունյանը չառարկեց միջնորդությանը:

 Դատավոր Դանիբեկյանը դիմեց ամբաստանյալին, խնդրելով ասել, թե ինչո՞ւ չի ցանկանում պաշտպան ներգրավել գործում, արդյո՞ք ֆինանսական խնդիրն է պատճառը: Ամբաստանյալը նշեց, որ պաշտպան չի ցանկանում, քանի որ իր պաշտպանության գործը կարող է միայնակ կատարել:

 Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդատվական սենյակ՝ որոշում կայացնելու:

 Ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրուցեցին Հրաչյա Հարությունյանի հայրը, կինը և քուրը: Վերջինս իր խոսքում նշեց, որ զարմացած է, թե ինչու եղբայրը պաշտպան չցանկացավ:

 «Մեզ համար էլ էր անակնկալ, որ ցանկացավ դատարանում առանց պաշտպանի հանդես գալ: Ինքը հիմա ողնաշարի և սրտի խնդիր ունի, դրա համար էլ ցանկանում ենք, որ գոնե այստեղ՝ Հայաստանում, ազատ արձակվի: Չեմ ժխտում, մեծ դժբախտություն է եղել, այդքան մարդ է զոհվել, բայց իր բանտ նստելով ոչ մեկին հետ չես բերի: Վարորդն անմեղ մեղավոր է»,- իր խոսքում նշեց Սեդա Հարությունյանը:

 Դատավորը վերադառնալով նիստերի դահլիճ հայտարարեց, որ բավարարում է Տիգրան Սահակյանի միջնորդությունն առ այն, որ Հրաչյա Հարությունյանը պատիժը կրի Հայաստանում, սակայն, համաձայն ՌԴ Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի դատավճռի, որը նախատեսում է 6 տարի 9 ամիս ազատազրկում:

 Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, 60-ից ավելին՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Դատապարտվել էր 6 տարի 9 ամիս ազատազրկման: 2017թ. հուլիսի 20-ին տեղափոխվել էր Հայաստան՝ սահմանված պատժի մյուս մասը հայրենիքում կրելու համար:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի