«1000 դրամների» մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն. 2015թ.-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք, և նրանց հարազատները ևս կփոխհատուցվեն

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում փոփոխություններ են կատարվելու «1000 դրամների» մասին օրենքում: Կատարված փոփոխությունների շնորհիվ օրենքը կտարածվի նաև 2015 թվականից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց կամ նրանց հարազատների վրա:

Վարչապետը հիշեցրեց, որ գործող օրենքով հատուցում են ստանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայրենիքի պաշտպանության համար զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք կամ նրանց ընտանիքները, իսկ այժմ հնարավորություն կա այն 2 տարով հետ տանելու:

«Կան ոչ անհայտ ընկերություններ, որոնք չեն վճարում այդ հազար դրամները կամ պարտքեր ունեն, մենք պետք է կոչ անենք բոլոր ընկերություններին վճարումները պարտաճանաչ կատարել: Այս հիմնադրամը պետք է շարունակի մեծանալ, շահառու պետք է դարձնենք ավելի վաղ ժամանակ վիրավորում ստացած կամ զոհված մեր հայրենակիցներին, և նրանց ընտանիքներին»,- ասաց նա:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ավելացրեց, որ այս փոփոխության շնորհհիվ շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ: