Դեղատոմսով բաց թողնվող դեղերի մասին որոշումը ժամանակավորապես կկասեցվի

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում կքննարկվի դեղատոմսով բաց թողնվող դեղերի  ժամանակավորապես կասեցման մասին հարցը:

Համաձայն որոշման՝ նախատեսվում է կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի N 759 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1402-Ն որոշման գործողությունը` մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը,  իսկ ներարկման համար նախատեսված դեղերի մասով` մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը, բացառությամբ` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (hակաբակտերիային դեղեր, hակասնկային դեղեր,  hակամիկոբակտերիային դեղեր,  hակավիրուսային դեղեր,  իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,  պատվաստանյութեր) դեղերի:

Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելուց հետո բնակչության և առողջապահության ոլորտի մասնագետների շրջանում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ձեռնարկված իրազեկման արշավների ընթացքում պարզ է դարձել, որ  միաժամանակ բոլոր դեղատոմսային դեղերի համար փետրվարի 28-ից որոշման կիրառումը կառաջացնի որոշակի բարդություններ ինչպես բնակիչների, այնպես էլ բժիշկների և դեղատների աշխատակիցների համար: Ուստի մշակվել է աստիճանական անցման ժամանակացույց՝ հիմք ընդունելով առանձին դեղախմբերի ռիսկայնության աստիճանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել նոր կարգավորումների արդյունքում բնակչության հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից բոլոր դեղատներում որոշ դեղեր սկսել էին բաց թողնվել միայն դեղատոմսով, ինչը առաջացրել էր հանրության դժգոհությանը:

Մեկնաբանություններ