Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի  և օբյեկտիվ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ալիկ Ալոյանը, անհիմն վիճաբանություն հրահրելով, բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցչի` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի տեղակալ Մխիթար Մարտիրոսյանի նկատմամբ՝ կապված նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարման հետ:

ՀՀ քննչական ծառայությունից հաղորդում են, որ  նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ալիկ Ալոյանը, ով նախկինում խախտում թույլ տալու համար զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, այլ անձի անունով հաշվառված ավտոմեքենայով 24.05.2017թ.-ին մեկնել է Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղ, որտեղ հանդիպելով իր ծանոթին՝ նրան խնդրել է վարել ավտոմեքենան` առկա անսարքությունը պարզելու և վերանորոգելու համար: Ա. Ալոյանի ծանոթը ավտոմեքենան վարելուց հետո այն կայանել է երթևեկության հոսքին հակառակ՝ խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ նկատել են տվյալ տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Արագածի բաժնի պետի տեղակալ Մ. Մարտիրոսյանն ու նույն բաժնի ծառայողները: Նրանք ավտոմեքենայի վարորդից պահանջել են վերացնել խախտումը, սակայն Ա. Ալոյանն այդ կապակցությամբ անհիմն վիճաբանություն է հրահրել Մ. Մարտիրոսյանի հետ և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ, որի հետևանքով ոստիկանության պաշտոնյան մարմնական վնասվածք է ստացել:

Այսպիսով, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններում ավտոմեքենա վարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար Ալիկ Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  243.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: