Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել  է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք:  Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 194-ը, որի արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:

Նկատի ունենալով, որ 42 ընտրախախտումների վերաբերյալ տվյալներն առերևույթ համապատասխանել են ընտրական հանցագործությունների հատկանիշներ՝ հանձնարարվել է դրանց կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ:

ՀՀ դատախազության աշխատանքային խումը շարունակում է առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մոնիտորինգը և միջոցներ ձեռնարկում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալների ստուգման, դրանց առթիվ նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ: Վերջիններիս ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի պտեղեկատվություն:

 

Մեկնաբանություններ