Ալիևն ընդդեմ Ադրբեջանի

Գործը վերաբերում է Ադրբեջանում հայտնի իրավապաշտպանի ձերբակալմանը և կալանավորմանը։

Դիմումատուն՝ Ինթիգամ Քամիլ օղլու Ալիևը, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1962 թվականին։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն բնակվել է Ադրբեջանի Ապշերոն մարզի Սարայ գյուղում։ Դիմումատուն Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է ավելի քան 200 անձանց շահերը։ Դիմումատուն բազմիցս հրապարակայնորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին և բացահայտել է քաղաքացիների իրավունքների խախտումները։ Ինթիգամ Ալիևը հանդիսանում է նաև «Իրավական կրթության հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ, որը պաշտոնապես գրանցվել է Ադրբեջանի Արդարադատության նախարարության կողմից 1999 թվականին։

2014 թվականի օգոստոսին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Դիմումատուն ձերբակալվել է և 3 ամսով տեղափոխվել է նախնական կալանքի վայր։ Դիմումատուն բողոքել է իրեն կալանավորելու մասին Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն նրա ներկայացրած բոլոր բողոքները մերժվել են։

Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով հետաքննության փուլում ոստիկանության աշխատակիցները խուզարկել են Դիմումատուի տունը և նրա հասարակական կազմակերպության գրասենյակը։ Խուզարկության արդյունքում նրանք տարբեր տեսակի փաստաթղթեր և առարկաներ են բռնագրավել։ Դիմումատու Ալիևը բողոքել է իր տանը և գրասենյակում խուզարկություն կատարելու թույլտվության բացակայության պայմաններում ապօրինի միջոցներ կիրառելու մասին, սակայն, ապարդյուն։

2015 թվականին Ադրբեջանի Գերագույն դատարանը Դիմումատուին 7.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուի փաստաբանները փորձել են ապացուցել Ինթիգամ Ալիևի անմեղությունը և մի քանի միջնորդություն են ներկայացրել Դատարան՝ Դիմումատուի ազատազրկման մասին կայացված որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։ Փաստաբանները նաև գրություն են ներկայացրել Դատարան՝ բանտախցում Դիմումատուի առողջական վիճակի վատթարացման մասին՝ խնդրելով բուժօգնություն տրամադրել դատապարտված իրավապաշտպանին, սակայն, ապարդյուն։ Այնուամենայնիվ, 2016 թվականի մարտին Ադրբեջանի Գերագույն դատարանը վճռել է Դիմումատուի նկատմամբ որպես պատիժ պայմանական ազատազրկում կիրառել՝ 5 տարի ժամկետով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում և 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է, որ կալանավայրում իրեն անհրաժեշտ բուժօգնություն չեն տրամադրել և բողոքի մեջ նշել է, որ իր առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ։ Ինթիգամ Ալիևը բողոքել է նաև կալանավայրի վատ պայմանների մասին։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի խախտում։ Դիմումատուն նաև բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում և 18-րդ հոդվածի (իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները) խախտում։ Դիմումատուն բողոքել է անօրինական կերպով իր տունը և գրասենյակը խուզարկության ենթարկելու մասին։ Դիմումատուն բողոքել է նաև օրինական հիմքերի բացակայությամբ ազատ տեղաշարժվելու իր իրավունքի սահմանափակման մասին, քանի որ Ադրբեջանի իշխանություններն արգելել են նրան հեռանալ երկրից։ Վերջապես, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է օրինական հիմքերի բացակայության պայմաններում իրեն կալանավորելու և ազատազրկման դատապարտելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Ալիևի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում, 5-րդ հոդվածի 1-ին կետի և 4-րդ կետի խախտում, 8-րդ հոդվածի խախտում և 18-րդ հոդվածի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ադրբեջանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 20․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 6․150 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։