Արդյոք Ձեր ընկերությունը պաշտպանվա՞ծ է կտրուկ և անբարեխիղճ կլանումներից

Կտրուկ և անբարեխիղճ կլանումը կամ «ռեյդային հարձակումը» լայն տարածում է ստացել սկսած 1970 թվականներից ԱՄՆ-ում, հետագայում նաև թափանցել է ԽՍՀՄ և այլ երկրներ: Տարածաշրջանի երկրների շրջանում անբարեխիղճ  կլանումը այսօր մեծապես տարածում ունի Ռուսաստանի Դաշնությունում: Ոլորտի խնդիրներին և պաշտպանության մեխանիզմներին ծանոթանալու նպատակով Լեգալ ինֆոն զրուցել է  իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի գործընկեր Գևորգ Տումանովի հետ։ 

-Պարոն Տումանով, ի՞նչ է իրենից ներկայացնում «կտրուկ և անբարեխիղճ կլանումը»: Արդյոք այն գոյություն ունի՞ ՀՀ-ում:

Կտրուկ և անբարեխիղճ կլանումը սեփականատերերի կամքին հակառակ ձեռնարկությունների զավթումն է անօրինական ճանապարհով։ Անբարեխիղճ կլանումը կամ այսպես կոչված «raidng»-ը կամ «рейдерство»-ն առաջացել է անգլերեն «raiding» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է հարձակում կամ հափշտակություն: Եվ իրականում, բռնի անբարեխիղճ կլանումը նույնանում է հափշտակության հետ: Թեև Հայաստանում այն բացահայտ բնույթ չի կրում և հայտնի չէ հանրության լայն շրջանակներին, սակայն պրակտիկայում նման դեպքերը քիչ չեն: Արարքն իր հատկանիշներով շատ նման է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված խարդախություն և շորթում հանցակազմերի հատկանիշներին։

– Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ ընկերությունը դարձել է կտրուկ և անբարեխիղճ կլանման «զոհ»։        

Սովորաբար քրեական գործեր են հարուցվում ընկերությունների սեփականատերերի դեմ, իսկ ընկերությունների գործունեությունն արգելափակվում է։ Վարկային պարտավորությունները մեծանում են, տուժանքները՝ ավելանում։ Իսկ այն դեպքում, երբ սեփականատերը հրաժարվում է վաճառել ընկերությունը այն փրկելու նպատակով, «հարձակումները» վերսկսվում են։ Ընկերության սեփականատերերը շատ հաճախ նաև ենթարկվում են սպառնալիքների, բռնության կամ կաշառվում են: Այսպես՝ անբարեխիղճ կլանման արդյունք են. «Փարիբաս Բանկ» կլանվել է «ԲՆՓԻ դե Փարիզ»-ի կողմից (ֆրանսիական խոշոր բանկեր են), «Մաննեսմանն» (հեռահաղորդակցության ոլորտի գերմանական կազմակերպություն) կլանվել է «Վոդաֆոն»-ի (հեռահաղորդակցության ոլորտի բրիտանական կազմակերպություն) կողմից և այլն։

-Ի՞նչ քայլերի են դիմում անբարեխիղճ կլանողներն ընկերությունը զավթելու նպատակով:

Ընկերությունների կլանումը հիմնականում իրականացվում է այն սնանկության և վարկային պարտավորությունները մեծացնելու ուղիով։ «Անբարեխիղճ կլանում» իրականացնողները կամ «ռեյդերները» մանրամասն ծրագրում են «զոհ» ընկերությանը կլանելու քայլերը, մշակում են հմուտ քաղաքականություն, ռազմավարություն և արդյունքում նրանց դեմ պայքարելը հետագայում դառնում է գրեթե անհնարին։ Գործընթացը մեկնարկում է՝ ընկերության մասին հնարավորինս շատ տեղեկատվություն հավաքելով։ Առավել ուշադրություն է դարձվում այն տեղեկատվությանը, որը վերաբերում է վերջինիս վարկային պարտավորություններին, բաժնետերերին և նրանց գործունեությանը, ընկերության ներքին կառուցվածքին և կանոնադրությանը։                                                                                    

-Ի՞նչ նպատակ է հետապնդում անբարեխիղճ կլանողը, և ի՞նչպիսի բովանդակություն ունեն վերջինիս ապօրինի գործողությունները:

 «Անբարեխիղճ կլանողի» նպատակը հիմնականում մեկն է՝ վախեցնել կամ սպառնալ ընկերության սեփականատիրոջը, որպեսզի վերջինս իրեն վաճառի ակտիվների մեծ մասը կամ անմիջապես ամբողջ ձեռնարկությունը՝ շատ չնչին գնով,  կամ անհամեմատ բարձր տոկոսներով վարկային պարտավորություններ ստանձնի։ Լինում են դեպքեր, երբ կտրուկ և անբարեխիղճ կլանողը այս կամ այն ճանապարհով գնում է ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, ձեռք է բերում քվեարկության իրավունք, և արդյունքում ընկերության ղեկը վերցնում է իր ձեռքը:

-Ինչպե՞ս կարելի է պաշտպանել ընկերությունը նման անօրինական գործողություններից:

Հիմնականում ընկերությունները դիմում են իրավաբանական գրասենյակների օգնությանը, քանի որ պաշտպանության մեխանիզմները բավականին բարդ են և պահանջում եմ շարունակական աշխատանք: Պաշտպանության մեխանիզմներ կարելի է ձեռնարկել թե՛ ընկերության հիմնադրումից առաջ և թե՛ հետո: Անբարեխիղճ կլանման չհաջողված փորձեր պրակտիկայում բազմաթիվ են, այսպես՝ «Տոլյատիազոտ» (ՌԴ-ի քիմիական խոշոր գործարաններից), Լյուվթանզա (ավիափոխադրումներ իրականացնող գերմանական կազմակերպություն), «Էյր Կանադա» (ավիափոխադրումներ իրականացնող կանադական կազմակերպություն) և այլն։

Պաշտպանության մեթոդները բազմազան են։ Մեթոդներից մեկը ընկերության կառուցվածքային փոխոխությունն է։ Որպեսզի ընկերությունը կամ դրա ակտիվները ամբողջությամբ կորցնելու ռիսկը չավելանա, ավելի նպատակահարմար է ձեռնարկությունը բաժանել մի քանի փոքր ընկերությունների, որի արդյունքում ձեռնարկության ակտիվները ևս կբաժանվեն։ Շատ ձեռնարկություններ ընտրում են վերակազմակերպվելու (օրինակ՝ ՍՊԸ-ի կամ ՓԲԸ-ի վերածվելու տարբերակը)՝ այս կերպ փորձելով փրկել ընկերերությունը։                               

Հաջորդ մեթոդը ընկերության կանոնադրական կապիտալում սահմանված բաժնետոմսերի նկատմամբ ավելացված հսկողությունն է, իսկ վերահսկողության մեթոդը կախված է ձեռնարկության չափից և բնույթից։ Առավել ուշադրություն պետք է դարձնել բաժնետոմսերի ռեեստրի վարման կարգին: Անհրաժեշտ է ուժեղացնել կամ փոփոխել ռեեստրի վարման կարգը:                                                                                                  

Երրորդ մեթոդը ընկերության ակտիվների և գույքի պաշտպանությունն է։ Այն իրականացվում է վարկերի կամ այլ փոխառությունների միջոցով հավելյալ ֆինանսական հոսք ունենալու եղանակով։ Շատ կարևոր է ժամանակին կատարել բոլոր պարտավորությունները, որպեսզի բանկը չկարողանա տնօրինել ընկերության ակտիվները։ Եվ վերջապես, լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Նախօրոք ճանաչելով հակառակորդին և կանխատեսելով վերջինիս քայլերը՝ հնարավոր կլինի ձեռնարկել կանխարգելման տարբեր միջոցներ: Սովորաբար անբարեխիղճ կլանողները ձգտում են իրենց ապօրինի ծրագրերը իրականացնել կարճ ժամկետներում և խուսափում են ձգձգումներից: Իսկ եթե հմուտ իրավաբանը կարողանա կանխավ պաշտպանական միջոցներ ձեռնարկել կամ անհապաղ դիմել դատարան, ապա ընկերությունը կհամարվի հաջողությամբ պաշտպանված:                                                                                                                                          

Կան պաշտպանության նաև այլ մեթոդներ, այնուամենայնիվ, պաշտպանության մեթոդը սովորաբար ընտրում է ընկերությանը սպասարկող իրավաբանական գրասենյակը՝ հաշվի առնելով ընկերության կառուցվածքային առանձնահատկությունները, գործունեության բնույթը, ինչպես նաև միջազգային փորձը:

Մեկնաբանություններ