Նորոգվում են մայրաքաղաքի հանրային օգտագործման գույքի վնասված հատվածները

Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, բակերում, հրապարակներում, այգիներում, պուրակներում և հանրային օգտագործման այլ տարածքներում տեղադրված գույքի վնասված հատվածների նորոգման և կարգաբերման աշխատանքները: Նախորդ շաբաթվա ընթացքում նորոգվել է 129 միավոր գույք՝ խաղասարքեր, զրուցարաններ, նստարաններ և այլն: Աշխատանքներն առավել ակտիվ են ընթանում Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում:

Հարկ է նշել, որ բակային մանկական խաղահրապարակների և խաղասարքերի շահագործման ակտիվ ժամանակահատվածով պայմանավորված՝ նորոգման աշխատանքները կրում են պարբերական բնույթ: Այդ գործընթացը գտնվում է քաղաքապետարանի համապատասխան կառույցների ամենօրյա հսկողության ներքո, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: