Առողջապահության նախարարը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ուղղություններին ու ծրագրերին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, արդեն իսկ առողջապահության ոլորտում կողմերն ակտիվորեն փոխգործակցում են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստերի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրերով նախատեսված կետերի իրականացման շուրջ: Համատեղ ծրագրերը, մասնավորապես, առնչվում են բուժական, հիգիենիկ-հակահամաճարակային, վերապատրաստումների, կրթության ոլորտներին: Ուրվագծվում են երկու երկրների դեղարտադրողների միջև գործակցության նոր եզրեր:

Հանդիպման ժամանակ դեսպանը նախ շնորհավորել է նախարարին՝ պաշտոնում նշանակվելու առիթով, ապա հույս հայտնել, որ նոր իշխանության ձևավորումը համատեղ աշխատանքին նոր մակարդակ կհաղորդի: «Հայաստանի ու Իրանի միջև քաղաքական գործակցության մակարդակը միշտ շատ բարձր է եղել, սակայն առողջապահության ոլորտում դեռ չիրացված մեծ ներուժ կա, ինչը և ցանկանում ենք օգտագործել: «Մեղրի» և «Արաս» ազատ առևտրի գոտիներն էլ իրենց հերթին են նոր հնարավորություններ ընձեռում»,-շեշտել է դեսպանը:

Արսեն Թորոսյանի հետ քննարկվել են նաև Հայաստանում քաղաքական իրադարձությունների պատճառով Իրան կատարվելիք չեղարկված այցերը վերակազմակերպելու, մեր երկրում իրանական բուժկենտրոն բացելու և այլ հարցեր:

«Ուրախ կլինենք գործակցության հեռանկարներն առավել առարկայական քննարկել արդեն Իրանում՝ մեր առաջիկա հանդիպումների ժամանակ»,-նշել է Արսեն Թորոսյանն ու պատրաստակամություն հայտնել դեսպանի բարձրացրած մի շարք հարցեր ուշադրության կենտրոնում պահել:

Մեկնաբանություններ