6 ամսվա ընթացքում Հայաստանում ապաստան է հայցել 4 Ադրբեջանի քաղաքացի

            «Մշտական բնակչության թիվը՝ հուլիսի 1-ի տվյալներով, կազմել է 2.979.900 մարդ, որը համեմատած 2017թ հունվարի 1-ի տվյալների, նվազել է 6200-ով, իսկ անցած տարվա հուլիսի 1-ի տվյալներով՝ 17.000-ով»,- այս մասին այսօր տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

            Բնակչության քանակի նվազման մեջ մեծ դերակատարում ունի արտագաղթը, որին հաջորդում է ծնելիության թվի կրճատման և մահացության դեպքի ավելացման ցուցանիշները:

            Հունվար-հունիս ամիսներին, Հայաստանում ծնվել է 17.169 երեխա. եթե համեմատական անցկացնենք անցած տարվա ցուցանիշի հետ, կտեսնենք, որ կա շուրջ 7% նվազում (2016թ հունվար-հունիս ամիսներին ծնվել է 18.393 երեխա): Աղջիկ-տղա հարաբերակցությունը՝ 100:110 է կազմում: Հայաստանում աղջիկ երեխաների անունների ցուցակում առաջատար է Մարիա անունը, որին հաջորդում են Նարե, Մանե, Մարի, Մարիամ, Անի, Անահիտ անունները, իսկ տղաների անունների ցուցակը գլխավորում են Նարեկ և Դավիթ անունները, այնուհետև Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Մարկ և այլն:

             Մահացության դեպքերի աճը նույնպես զգալի է: Այս կիսամյակում գրանցվել է 14.709 մահվան դեպք, ի տարբերություն 2016թ հունվար-հունիս ամիսների 14.403-ի ( շուրջ 2,1 % աճ):

            «Մահվան պատճառների մեծ մասը նորագույացությամբ պայմանավորված դեպքերն են, որին հաջորդում է արյան շրջանառության համակարգի բարդությունները, շնչառական օրգանների հիվանդությունների դեպքերը և այլն»:

            Կարինե Կույումջյանն անդրադարձավ ամուսնալուծությունների թվին, նշելով, որ այստեղ ևս գրանցվել է աճ՝ 0,1%, ի հակադրություն սրան, ամուսնությունների թիվն էլ նվազել է 0,3 %-ով:

            2017թ հունվար-հունիս ամսին Հայաստանում ապաստան է հայցել 55 մարդ, որոնցից 44-ին շնորհվել է փախստականի կարգավիճակ: Նրանց թվում են 25 սիրիացի, 9 ուկրաինացի, 7 կուբացի, 6 իրանցի, 4 ադրբեջանցի և 3 այլ քաղաքացի:

            «2017թ առաջին կիսամյակում մեր երկրում օտարերկրացիներից կացության կարգավիճակ են ստացել 2055 քաղաքացի, որից 1204-ը ստացել են ժամանակավոր կացության հնարավորություն, 616-ը՝ մշտական կարգավիճակ, 235-ը՝ հատուկ կացության կարգավիճակ»,- իր խոսքն ավարտեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի