Աշխարհի կանանց մեծ մասը դեռևս ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան տղամարդիկ․ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Կանայք 20 տոկոսով ավելի ցածր են գումար վաստակում, քան տղամարդիկ։ Նրանց համար ավելի դժվար է արժանապատիվ և բարձր որակավորում պահանջող աշխատանք գտնել: Այս խնդիրը քննարկվել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Կանայք հանուն գլոբալ անվտանգության և կայուն զարգացման» երկրորդ եվրասիական համաժողովին։ Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Գլխավոր տնօրենի տեղակալ Դեբորա Գրինֆիլդը կոչ է արել պայքարել աշխատաշուկայում գենդերային անհավասարության դեմ:

«Գլոբալիզացիայի շարունակվող գործընթացը, տեխնոլոգիաների զարգացումը, միգրացիայի խնդիրները, ժողովրդագրական գործընթացները և կլիմայի փոփոխությունը միասին աշխատաշուկայում նոր խնդիրներ են առաջացնում, որոնք պետք է արագ լուծվեն», – նշել է իր ելույթի ժամանակ Դեբորա Գրինֆիլդը: Նա նաև հավելել է, որ այսօր աշխատանք գտնելու հնարավորությունը կանանց մոտ 30 տոկոսով ցածր է, քան տղամարդկանց: Նրա կարծիքով՝ երբեմն կանայք «տնտեսական սանդուղքի ամենացածր մակարդակում» են գտնվում: Բացի այդ, աշխատունակ տարիքում գտնվող ավելի քան 606 մլն կանայք չեն աշխատում՝ տնային տնտեսության, չվճարվող արձակուրդի կամ ընտանիքի տարեց անդամների և հաշմանդամների խնամակալության պատճառով: Ամբողջ աշխարհում 6 տարեկանից փոքր երեխաներ ունեցող բոլոր կանանցից աշխատում է միայն 47․6 տոկոսը:

ԱՄԿ-ի ներկայացուցիչը նաև շեշտել է, որ աշխատաշուկայում գենդերային անհավասարության վերացումը կնպաստի ընտանիքների բարեկեցությանը և պետությունների կայուն զարգացմանը:

«Գրեթե հարյուր տարի առաջ ԱՄԿ-ի Կանոնադրության հեղինակները գրանցել են, որ անհնար է կայուն աշխարհ ստեղծել, եթե հասարակության մեջ սոցիալական հավասարություն գոյություն չունի: Այսօր՝ գրեթե հարյուր տարի անց, մենք հասկանում ենք, որ սոցիալական արդարության ձեռքբերման նախագիծը դեռևս ավարտված չէ հիմնականում այն պատճառով, որ մենք չենք կարողացել հասնել գենդերային հավասարության»,- ընդգծել է կանանց երկրորդ եվրասիական համաժողովին իր ելույթի ժամանակ ԱՄԿ Գլխավոր տնօրենի տեղակալը։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ և նույնպես մասնակցել է կանանց երկրորդ եվրասիական համաժողովին։ Համաժողովին մասնակցել են նաև աշխարհի 120 երկրի շուրջ 2000 կին հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

Մեկնաբանություններ