Ակելիենեն ընդդեմ Լիտվայի

Դիմումատուն՝ Ալդոնա Ակելիենեն, ազգությամբ լիտվացի է, ծնվել է 1935 թվականին, համապատասխան ժամանակահատվածում բնակվել է Լիտվայի Կալվարիա քաղաքում։ Դիմումատուն մահացել է 2017 թվականի ապրիլի 8-ին։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Լիտվայի իշխանություններն իր որդու սպանության գործով հավուր պատշաճի հետաքննության չեն իրականացրել և չեն իրագործել մարդասպանին ազատազրկման դատապարտելու մասին Դատարանի կայացրած վճիռը։

Դիմումատուի որդին՝ Ռ․Ա․-ն, անհայտ կորել է 1994 թվականի հուլիսին։ Նույն թվականի օգոստոսին Լիտվայի ոստիկանությունը քրեական հետաքննություն է սկսել։ Դիմումատուի որդու անհետացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննության ժամանակ հարցաքննության է ենթարկվել ոմն Ա․Գ․-ն և դեպքին ներգրավված այլ անձիք։ Գործի շրջանակներում բացահայտվել է, որ Ա․Գ․-ն կեղծ վկայություն է տվել։ Այնուամենայնիվ, 1994 թվականի նոյեմբերին տեղի քննչական մարմինները կասեցրել են քրեական գործով վարույթը։

Դեպքից 10 տարի անց ոստիկանությունը բացահայտել է, որ Ա․Գ․-ն ներգրավված է Դիմումատուի որդու և մեկ այլ անձի անհետացման դեպքին։ 2005 թվականի հունվարին քննչական մարմինները կրկին քրեական հետաքննություն են սկել։ Այնուհետև, Ա․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել՝ 2 անձանց սպանության համար։ Ա․Գ․-ն անմիջապես լքել է քաղաքը և թաքնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ 2006 թվականի մարտին Ա․Գ․-ն ձերբակալվել է։ Նրան ժամանակավորապես տեղափոխել են նախնական կալանավայր, սակայն 2006 թվականի նոյեմբերին ազատ են արձակել՝ բնակության վայրը չլքելու պայմանով։

2009 թվականի փետրվարին Լիտվայի ներպետական դատական ատյանները Ա․Գ․-ին արդարացնելու մասին որոշում են կայացրել։ Սակայն 2012 թվականին Վերաքննիչ դատարանը Ա․Գ․-ին 2 անձանց նկատմամբ սպանություն գործելու համար մեղավոր ճանաչելու և նրան 14 տարվա ազատազրկման դատապարտելու մասին որոշում է կայացրել։ Այնուամենայնիվ, ոստիկանության աշխատակիցներին չի հաջողվել կալանավորել Ա․Գ․-ին, քանի որ վերջինս խուսափել է արդարադատությունից և թաքնվել է։ Հետագայում, Լիտվայի կառավարությունը հաստատել է, որ Ա․Գ․-ն փախստականի կարգավիճակ և ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ Լիտվայի իշխանությունների վարած անխոհեմ քաղաքականության պատճառով Ա․Գ․-ին հաջողվել է խուսափել Դատարանի վճռի կատարումից։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իր որդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննության և դատավարության արդարացիության մասին։

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։

Մեկնաբանություններ