Human Rights Watch-ը դատապարտել է Ղրղըզստանում «Ազատության» թղթակցի վրա հարձակումը

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Ղրղըզստանի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ քննությամբ պարզել «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայության թղթակցի վրա տեղի ունեցած բիրտ հարձակման հանգամանքները և պատժել մեղավորներին:

Թղթակից Այբեկ Կուլչումանովը սեպտեմբերի 28-ին Օշ քաղաքում հարձակման է ենթարկվել մի խումբ երիտասարդ տղամարդկանց կողմից, ովքեր խլել են նրա սարքավորումները, բջջային հեռախոսը, տան և մեքենայի բանալիներն ու դրոնի (անօդաչու թռչող սարքի) հեռակառավարման վահանակը:

Թղթակցին ավելի ուշ մեղադրել են դրոնով մի տեղացի տղամարդու վնասվածք հասցնելու մեջ:

«Մենք դատապարտում ենք լրագրողների վրա հարձակումները, որևէ եղանակով չի կարելի խոչընդոտել լրագրողների աշխատանքը, առավելևս պետք է բացառվեն բռնությունը և բռնության դիմելու սպառնալիքները: Խոսքի ազատությունը դեմոկրատական ցանկացած հասարակարգի համար ունի հիմնարար նշանակություն», – Օշում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարել է Human Rights Watch կազմակերպության առողջության և մարդու իրավունքների բաժնի ղեկավար Լաուրա Միլզը:

Թղթակցի փոխանցմամբ, ջարդարարները պահանջել են հայտնել, թե ով է հանձնարարել նրան հետաքննական ռեպորտաժ պատրաստել Ղրղըզստանի մաքսային ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Ռայմբեկ Մատրաիմովի մասին:

Թղթակիցն ասել է, որ Օշի ոստիկանները տեղի ունեցած հարձակումը որակել են որպես գողություն և քննություն են սկսել:

Ավելի ուշ երեք տղամարդիկ, որոնց անունները չեն հրապարակվում, ներկայացել են ոստիկանության բաժանմունք և հանձնել են թղթակցից խլած իրերը: