ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։
2017թ. մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստեր անհատական տվյալներով և լուսանկարով սոցիալական ցանցում այլ անձի կողմից ստեղծվել է կեղծ էջ, որով անառակաբարո հաղորդագրություն և տեսանյութ է ուղարկվել երեխայի համադասարանցիներին:
Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը հանդիսանում են պոռնկագրական բնույթի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, օրենքով սահմանված կարգով միջնորդություն ուղարկվել «Ֆեյսբուք» ընկերություն՝ սոցիալական ցանցում «կեղծ» օգտատիրոջ՝ համացանցի հասանելիության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։ Արդյունքում պարզվել են IP հասցեն, դրա բաժանորդը, փաստական տվյալներ ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության, ով ևս անչափահաս է, և շարժառիթի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
450 դիտում