Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով վկան կաշկանդված էր դատարանում

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով դատական նիստը:

Նշենք, որ նախորդ նիստը հետաձգվել էր ամբաստանյալ Վարազդատ Սաֆարյանի վատառոջ լինելու պատճառով: Վերջինս այսօր  դատարանին ներկայացրեց հիվանդության վերաբերյալ տեղեկանք: Նախորդ նիստին բացակա էր նաև Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, որը դատարանին հայտնեց, որ չի ներկայացել դատարան, քանի որ եղել է Աղվերանում` սեմինարի, և հաջորդ նիստին այդ հանգամանքը հաստատող փաստաթուղթ կներկայացնի:

Այնուհետև դատարան հրավիրվեց գործով վկա Մհեր Գրիգորյանը: Վկան դատարանին հայտնեց, որ դեպքի օրը` առավոտյան, հագնվելուց նկատել է, որ բոլորը վազում են Հայկազի սենյակ, և ինքն էլ հետևել է նրանց ու իմացել, որ Հայկազը սենյակում չէ, որից հետո Հայկազին տեսել են պտտաձողից կախված վիճակում: Այլ մանրամասներ վկան դժվարացավ հայտնել:

«Հայկազին տեսել եմ կախված վիճակում շարահրապարակից, շարված տեղից»,- ասաց նա:

Վկան հայտնեց, որ մոտիկ է եղել ամբաստանյալ Մովսես Ազարյանի հետ, վերջինս իր հետ նույն սենյակում է քնել. «Դեպքի առավոտյան նրան տեսել եմ, բայց  քնելուց չեմ հիշում նա սենյակում էր, թե ոչ»:

Խոսելով Հայկազի մասին նա հայտնեց, որ Հայկազը ուժ էր և երբեք չի տեսել, որ նրան որևէ մեկը նեղացնի:

Այնուհետև հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը` մեղադրող դատախազի միջնորդության համաձայն:

Նշենք, որ ցուցմունքում առկա էին որոշակի հակասություններ, քանի որ նախաքննական ցուցմունքում վկան մանրամասներ էր ներկայացրել, թե ինչպես են   Մովսես Ազարյանը, Սամվել Սերոբյանը և Վաչե Սահակյանը ծեծի ենթարկել Հարություն Ալեքսանյանին: Բացի այդ նախաքննական ցուցմունքում նա հայտնել էր նաև, որ Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը և Վարազդատ Սաֆարյանը ծեծել են Տիգրան Մանասրյանին: Ինչի վերաբերյալ վկան հայտնեց, որ այս պահին չի հիշում: Վերջինս դատարանին հայտնեց, որ նախաքննական ցուցմունքում գրվածը ինքն է գրել և պնդում է այն:

Այնուհետև ցուցմունք տվեց գործով մյուս վկա Արամ Վարդանյանը, որը հայտնեց, որ դեպքի մասին իմացել է առավոտյան, գնացել է Հայկազի ննջարան, սակայն ներս չի մտել և չի տեսել մահճակալը: Այնուհետև նրանք գնացել են Հայկազին փնտրելու, որից հետո ինքը Հայկազին 50-60 մետր հեռավորության վրա տեսել է կախված վիճակում:

Վկան դատարանին հայտնեց, որ գործով բոլոր անձանց հետ էլ ունեցել է նորմալ հարաբերություններ և ամբաստանյալները նրան միշտ օգնել են, ինչքան ինքը դիմել է նրանց, սակայն վկան դժվարացավ հիշել, թե կոնկրետ ինչ հարցերով են տղաները իրեն օգնել:

Դատախազի այն հարցին, թե դեպքից հետո ինչ խոսակցություններ էին պտտվում, վկան հայտնեց, որ ինքն այնքան լարված ու անհանգիստ է եղել, որ ուշադրություն չի դարձրել կողքի խոսակցություններին: Վկան հայտնեց, որ այլ մանրամասներ չի հիշում:

Հրապարակվեց նաև Արամ Վարդանյանի նախաքննական ցուցմունքը, որում վկան հայտնել էր, որ տեսել է Հայկազի մահճակալը արյունոտ վիճակում, բացի այդ նա մանրամասն նկարագրել էր, թե ինչ հագուստ է եղել Հայկազի հագին: Նախաքննական ցուցմունքում նշված էր նաև, որ Հայկազն ու Կարեն Բաղրամյանը վիճել են, որին միջամտել է Վաչե Սահակյանը:

Վկան դատարանին հայտնեց, որ ունի տեսողական խնդիրներ և հեռուն չի տեսում, բացի այդ ունի նաև հիշողության հետ կապված խնդիրներ և ամեն ինչ մոռանում է:

Նշենք, որ կային հակասություններ վկայի ցուցմունքենրում, բացի այդ դատարանում պարբերաբար հայտնում էր որ ոչինչ չի հիշում: Դատավոր Դավիթ Հարությունյանի այն հարցին, «հնարավոր է արդյո՞ք, որ քննիչի մոտ նա երևակայական բաներ պատմած լինի», վկան հայտնեց, որ «հնարավոր է»:

Այս հանգամանքը զայրացրեց դատավորին, վերջինս սկսեց կոպիտ խոսել վկայի հետ և հարցեր տալ իր առաջադիմության վերաբերյալ. «Այսի՞նքն դուք կարող եք լուրջ գործում, որը  սպանության վերաբերյալ է, քննիչին պատմել երևակայական բաներ: Ինչպե՞ս է ստացվում, որ բարձր առաջադիմությամբ եք սովորում, բաց ունեք տեսողական և հիշողության խնդիրներ», – ասաց դատավորը ձայնը բարձրացնելով, ինչը վախեցրեց վկային:

«Պարոն դատավոր խնդրում եմ ինձ վրա հոգեբանական ճնշում մի գործադրեք»,- դատավորին դիմեց վկան:

Նշենք, որ վկան կաշկանդված էր դատարանում և  նա  հայտնեց, որ և խճճվել է իր ստորագրությունների միջև:

Դատավորը դիմելով վկային առաջարկեց հայտնել այն ինչ  իրեն հայտնի է, սակայն վկան նշեց, որ դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հիշում:

Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:

Նյութը` Ելենա Արամյանի

[views]