ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն եւ պատասխանատվություն» խորագիրը կրող «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստին:
Համաժողովն այս տարի անցկացվել է Մայիսյան հաղթական հերոսամարտերի, Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաեւ Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի նախաշեմին:
Ամփոփիչ նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթն ամբողջությամբ՝ տես այստեղ:
Շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներին՝ խորհրդարանի նախագահը վստահություն է հայտնել, որ այն համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող եւ համահայկական գործակցությունը խթանող համազգային ձեռնարկ է:
Համաժողովի կարեւոր հարցերից մեկը Համահայկական խորհրդի ստեղծման գաղափարն էր: Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծվելիք կառույցն իր ձեւով ու բովանդակությամբ կարող է լիարժեքորեն մասնակից լինել համահայկական, միասնական օրակարգի ձեւավորման աշխատանքներին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով համաժողովի բոլոր մասնակիցներին, կարեւորել է նրա դերը Հայաստան-Սփյուռք կապերի եւ հարաբերություների զարգացման հարցում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում ամփոփել է համաժողովի նախորդ երկու օրերի աշխատանքը` հավելելով, որ այս համաժողովն իր ձեւաչափով եւ քննարկված հարցերի կարեւորությամբ գերազանցել է նախորդ համաժողովներին:
Նշենք նաեւ, որ համաժողովի անցկացման ժամկետը եւ օրակարգը որոշվել են դեռեւս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում: Այս մասին հաղորդում են ԱԺ պաշտոնական կայքից: