«Սասնա ծռեր»-ի անդամ Խաչատուր Գիչյանը ստորագրությամբ ազատ կարձակվի

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի, քրեական գործով դատական նիստը։ Նիստի մեկնարկին դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանը նախագահությամբ հրապարակեց Խաչատուր Գիչյանի դատաբժշկական փորձաքննությունը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին վերջինիս պաշտպան Մարինե Ֆարմանյանը միջնորդել էր Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանքը վերացնել և դատաբժշկական փորձաքննություն իրականացնել։ Դատարանը խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը մերժեց, սակայն բավարարեց պաշտպանի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը։
Ըստ դատաբժշական փորձաքննության արդյունքների՝ Խաչատուր Գիչյանն ունի մի շարք հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, հետինֆակտային կարդիո, սկլերոզ, զարկերակային հիպերտոնիա, սրտային անբավարարություն, խրոնիկ բրոնխիտ, վիրուսային հեպատիտ C, լյարդի սիգմենտագոյացման խանգարում, միզաքարերի հիվանդություն, զույգ աչքերի տարիքային կատարախտ, ոպնյակի պղտորում, և վերջինս ուներ համապատասխան սրտային և ուռոլոգիական բուժօգնության կարիք։
Խաչատուր Գիչյանի պաշտպան Ֆարինե Ֆարմանյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնել՝ հաշվի առնելով վերոնշյալ հիվանդությունները։ Խաչատուր Գիչյանն էլ իր հերթին դատարանին դիմելով ասաց. «Սավսեմ ազատեք որպես հիվանդ»։
«Պետք չի տանջել մարդուն, երբ, որ մարդուն տանջում եք՝ դա կոչվում է սադիզմ, մենք ոչ մեկս սադիստ չենք»,-ասաց Կարո Եղնուկյանը։
Մեղադրող Հակոբ ենոքյանը չառարկեց միջնորդության դեմ՝ հավելելով, որ որպես խափանման միջոց կիրառել ստորագրութուն չհեռանալու մասին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատարանը բավարարեց Խաչատուր Գիչյանի խափանման միջոցը փոխարինելու մասին` պաշտպան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը, որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։
Հավելենք, որ Խաչատուր Գիչյանի տարիքը հասնում է 70-ի։ Պաշտպանները բազմիցս ահազանգել են, որ ունի սրտանոթային համակարգի խնդիրներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զինված խմբին իր բեռնատար «Կռազ» մակնիշի մեքենան տրամադրելու համար: