«Խորհրդային տարիների փլուզումից հետո ՀՀ Ազգային ժողովում դեռ չէր գրանցվել դեպք, երբ ազգային փոքրամասնությունները ներգրավված լինեին ԱԺ-ի կազմում: Այսօր սահմանադրական փոփոխությունները թույլ տվեցին, որ ազգային փոքրամասնությունները հայտնվեն և իրենց կարծիքը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնեն, ինչը շատ ողջունելի է»,- այսօր իր խոսքում նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը:
Խոսելով խորհրդարանում իր ապագա անելիքների մասին՝ նա կարևորեց լեզվի, մշակույթի կրթության հարցը: Քրդական գյուղերի մեծ մասը գտնվում է բարձրադիր շրջաններում, ինչը ձմռանը դժվարեցնում, ապա անանցանելի է դարձնում դեպի դպրոց տանող ճանապարհը, հանգեցնում դպրոց չհաճախելուն:
«Մենք ունենք ազգային առանձնահատկություններ, որոնցից մեկն էլ աղջկան 15-16 տարեկան հասակում ամուսնացնելն է, իսկ դպրոցների հեռավորությունը գյուղերից խոչընդոտ է հանդիսանում, որ աղջկան ուղարկեն սովորելու, սա էլ իր հերթին բերում է անգրագիտության»,- ասում է պատգամավորը:
Անցում կատարելով սեպտեմբերի 25-ին Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացմանը՝ Կ․ Հասանովը նկատեց, որ հանրաքվեն առաջացրել է մի շարք բարդություններ և դժվարություններ:
«Թուրքիան և Իրանը համաձայնությունը չեն տալիս հանրաքվեի անցկացմանը: Նրանց համար ձեռնտու չէ, որ Քրդստանն անկախանա և առանձին պետություն դառնա, քանի որ այդ ժամանակ իրենց պետությունում անջատողական շարժումներ գուցե սկսվեն, միլիոնավոր քրդեր կառանձնանան, և պառակտում կլինի: Քրդական համայնքը ձգտում է ազատության, մեկ միասնական պետություն ունենալու միտքը նրանց ոգևորում է, բայց կան նաև քրդեր, հայտնի քրդական կուսակցություններ, որոնց սրտով չէ հանրաքվեն, նրանք դեմ են հանրաքվեին»,- իր խոսքը եզրափակեց բանախոսը:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի