«Սասնա Ծռեր»-ի պաշտպանները չմտան նիստերի դահլիճ

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստն սկսվեց 25 րոպե ուշացումով և առանց պաշտպանների:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` փաստաբաններ Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը չկարողացան մտնել ներս, քանի որ կարգադրիչները նրանց թույլ չտվեցին: Պատճառը ինչպես նախորդ նիստերին, այնպես էլ այս նիստին` մետաղորսիչ սարքի արձակած ազդանշանն էր:

Նիստն սկսվելուց րոպեներ առաջ դատարանում գտնվող բոլոր պաշտպանները անսպասելի որոշեցին գործադուլ հայտարարել և չմտնել դատական նիստերի դահլիճ:

Իրավաբան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահից իրենք չեն մտնելու դատական նիստերի դահլիճ և այս գործի շրջանակներում  չեն աշխատելու` մինչև հարցը լուծում չստանա:

«Այսօր, ինչպես տեսաք, բոլոր պաշտպաններով ներկայացանք դատարան, սակայն պարզվեց, որ նույն ձևակերպումներով մեր գործընկերներ Մուշեղ Շուշանյանի ու Արայիկ Պապիկյանի մուտքը կրկին արգելվեց դատական նիստերի դահլիճ և ելնելով այդ հանգամանքից՝ պաշտպանական կողմը որոշեց, որ բոլորով էլ չենք մտնելու դատական նիստերի դահլիճ»,- ասաց նա:

Պաշտպանի խոսքերով՝ շատ լավ իմանալով, որ իրենք իրենց պայուսաներում չունեն որևէ արգելված իր, փորձում են նվաստացել իրենց գործընկերներին և ստեղծում են արհեստական խոչընդոտներ, որպեսզի նրանց հեռացնեն վարույթից և ներգրավեն հանրային պաշտպանների:

Նիստն սկսվելուց հետո նիստերի դահլիճում ներկա էին միայն ամբաստանյալներն ու հանրային պաշտպանները: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը իր մտահոգությունը հայտնեց փաստաբանների բացակայության վերաբերյալ, այնուհետև ընթերցեց Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի վերաբերյալ արձանագրությունները: Նիստն ընդմիջվեց 20 րոպեով, դատավորը հեռացավ անձի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունների մասով որոշում կայացնելու:

Այս ընթացքում պաշտպանները գտնվում էին դրսում և կազմեցին միջնորդություն, համաձայն որի պահանջում են դատարանից հետաձգել նիստը և քայլեր ձեռնարկել պաշտպանների անխոչընդոտ մասնակցությունը  գործի քննությանը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝  պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ ինքը չի հրաժարվել դատական նիստերի դահլիճ մուտք գործելուց, պարզապես իրեն թույլ չեն տվել ներս մտնել. «Բազմաթիվ անգամներ դատարկել եմ պայուսակս, որևէ արգելված կամ մետաղական իր չի եղել իմ պայուսակում: Ես պատրաստ եմ հիմա էլ դատարկել` վստահաբար իմանալով, որ իմ պայուսակում որևէ արգելված իր չկա, բայց ձայնային ազդանշանը հնչում է: Հետևաբար խնդիրը կայանում է նրանում, որ ներս չթողնեն, այսինքն՝ կոնկրետ ցուցում կա, որպեսզի կարգադրիչները մեզ ներս չթողնեն»: 

Ընդմիջումից հետո դատավորը  որոշեց սանկցիա կիրառել պաշտպաններ Մ. Շուշանյանի և Ա. Պապիկյանի նկատմամբ, որից հետո ընթերցեց  պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունը` հայտնելով, որ պաշտպանները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատարանի նկատմամբ: Դատավորի խոսքերով՝ կարգադրիչները առաջնորդվում են օրենքով սահմանված կարգով, և դատավորը իրավասու չէ նրանց ասել, որպեսզի պաշտպաններին ներս թողնեն:

«Մարդիկ տնից կտրվում, գալիս են այստեղ, իսկ պաշտպանները որոշում են մի հոգու չգալու պատճառով չներկայանալ նիստին»,- ասաց նա: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպանների պահվածքի վերաբերյալ որոշում կայացնելու՝  համարելով այս քայլը անօրինական :

20 րոպե անց նիստը կրկին վերսկսվեց, որի ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց դատական նիստերի դահլիճ չմտած պաշտպանների նկատմամբ և հետաձգեց նիստը:

Նշենք, որ գործադուլին չէին միացել հանրային պաշտպաններ` Արմինե Ֆանյանը, Գարեգին Մարգարյանը և Աննա Ջուվանովան:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի