ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական է տվել

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն իր հրաժարականի դիմումն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին:

«Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգային ժողովում՝ որպես իրավաբանական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ եւ քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ դատարանում:

ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1998 թվականի հուլիսի 8-ից. տասը տարի պաշտոնավարել եմ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:

Հայաստանի Հանրապետությունում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերի, մի շարք այլ օրենքների նախագծերի մշակում) եւ դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ քաղաքացիական, քրեական եւ վարչական ոլորտների, դատական ատյանների ֆունկցիոնալ տարանջատման սկզբունքի ներդրում եւ այլն) բարեփոխումների համար արժանացել եմ ՀՀ վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում նախադեպային իրավունքի ներդրման եւ իրականացման վերաբերյալ գիտական հետազոտության համար ինձ շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան:

Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն է, ինչի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին եւ գտնում եմ, որ ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսեւորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի եւ արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը եւ, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, այն լուծել հերթական նիստում՝ իմ բացակայությամբ»: