ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին:
Անդրադառնալով հայ-շվեյցարական հարաբերություններին՝ Արա Բաբլոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրները ձեւավորել են բարձր մակարդակի միջպետական երկխոսություն:
ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծապես կարեւորել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը եւ բարձր գնահատել դեսպան Լուկաս Գասսերի գործունեությունը հայ-շվեյցարական կապերի խորացման ուղղությամբ:
Արա Բաբլոյանը նշել է. «Շուրջ երեսուն տարի համագործակցում եմ Շվեյցարիայի հետ, եւ մեծ է Ձեր երկրի դերն իմ մասնագիտական կայացման, հայացքների եւ մոտեցումների ձեւավորման գործում»:
Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-շվեյցարական խորհրդարանական կապերի դերը եւ կարեւորել միջխորհրդարանական համագործակցության առավել զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահներ Ուլի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դե Բյումանի գլխավորած պատվիրակության այցելությանը Հայաստան եւ Արցախ. այցելությունը հնարավորություն է տվել ծանոթանալու ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովրդի հետ, տեղում պատկերացում կազմելու իրավիճակի մասին:
Արա Բաբլոյանը ուրախությամբ նշել է, որ երկու երկրների խորհրդարանականներն իրենց ջանքերը միավորել են նաեւ հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների սերտացման գործում:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու հարեւան երկրների միջեւ հարաբերություններին:
Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի Համադաշնությանը տարիներ առաջ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում միջնորդական գործունեության ծավալելու համար: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Թուրքիան հրաժարվեց հարաբերությունները բարելավելու հնարավորությունից՝ ի տարբերություն Հայաստանի: Եվ այսօր ակնհայտ է, որ տարիներ առաջ դեպի ժողովրդավարություն ընթացող Թուրքիայում հետընթաց է տեղի ունենում:
Հայաստանում Շվեյցարական Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերն իր խոսքում անդրադարձել է բարեկամ երկրների՝ տարեցտարի զարգացող եւ ընդլայնվող հարաբերություններին եւ կարեւորել երկու երկրների ընդհանրությունների վրա հիմնված համագործակցությունը:
Դեսպանն ընդգծել է զբոսաշրջության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառներում առկա համագործակցության եւ դրա ընդլայնման հնարավոր ուղիների կարեւորությունը:
Լուկաս Գասսերը կարեւորել է Հայաստանում ընթացող բարեփոխումները, ընդգծել ակնհայտ առաջընթացը եւ իր գոհունակությունը հայտնել մեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալի մեծացման հետ կապված: Այս մասին հաղորդում է ԱԺ պաշտոնական կայքէջը: