Թլափակը և ուրիշներն ընդդեմ Գերմանիայի, Վետյենը և ուրիշներն ընդդեմ Գերմանիայի

Դիմումատուների գործերը վերաբերում են Գերմանիայի Բավարիա հողի 2 համայնքներում բնակվող կրոնական աղանդի (Տասներկու Տոհմերի Եկեղեցի) հետևորդների ծնողական իրավունքների սահմանափակման և աղանդավորական շարժմանը պատկանող երեխաների խնամակալության մասին որոշումներին։

2012 թվականին գերմանական մամուլը հաղորդագրություն է տարածել, որ «Տասներկու Տոհմերի Եկեղեցի» աղանդավորական շարժման անդամները հալածանքների և փայտով ծեծի են ենթարկել իրենց երեխաներին։ Հետագայում այդ տեղեկությունները հիմնավորվեցին համայնքներից մեկում գաղտնի տեղադրված տեսախցիկի միջոցով։ Արդյունքում, 2013 թվականին երեխաների իրավունքների պաշտպանության ծառայության պահանջով դատարանը որոշեց համայնքներում բնակվող երեխաներին՝ ներառյալ Դիմումատու ընտանիքների երեխաներին, խնամակալության տակ վերցնել։ Դատարանի որոշման հիմքում ընկած է մամուլի հաղորդած տեղեկությունները և շարժման նախկին անդամների հայտարարությունները։

Առաջին գործով Դիմումատուները՝ Թլափակի և Պինգենի ծնողները, նախկինում բնակվել են Վյորնից համայնքում: Երկրորդ գործով Դիմումատուները՝ Վետյեն և Սքոթ ընտանիքների ծնողներն ու երեխաները, միասին են ապրել «Կլոստեր Ցիմմեր» համայնքում։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են իրենց ծնողական իրավունքները սահմանափակելու որոշման և իրենց ընտանիքները մասնատելու մասին։ Նրանք հայցի մեջ նշել են նաև, որ նրանց դատավարությունը չափազանց երկարաժամկետ էր։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միացնել Դիմումատուների հայցերը։ Դատարանը չի արձանագրել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

Հաշվի առնելով դատավարության երկար ժամկետը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պատասխանող Պետությունը պարտավոր է Վետյենին նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասների, դատական ծախսերի հատուցման համար վճարել 9.000 եվրո, ինչպես նաև վճարել Սքոթին 8․000 եվրո՝ նյութական և ոչ նյութական (բարոյական) վնասների, դատական ծախսերի հատուցման համար։