Ցանկացած ոլորտում ցանկացած նպատակին հասնելու, կենսունակ ծրագրեր մշակելու և դրանցով սոցիալ-հասարակական կյանքում փոփոխություններ առաջարկելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերհանել ոլորտում առկա խնդիրները, հասկանալ դրանք առաջացնող պայմանները և պատճառները:
Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ-ում իրավական մշակույթի և իրավագիտակցության մակարդակը ֆինանսական հարաբերություններում հեռու է կատարյալը համարվելուց: Սպառողների իրավագիտակցությունը, իրավական մշակույթը փոխկապակցված են նրանց իրավական դաստիարակության մակարդակի, կրթության և իրավաչափ վարքագիծ դրսևորելու ներքին պահանջմունքի հետ: Կոնկրետ անհատի իրավագիտակցության բարձր մակարդակը հասարակության իրավական կարգավիճակի, բարձր մակարդակի նախադրյալն է և բնականաբար հենց այդ անձի իրավական զարգացվածության բնութագիրը: Ֆինանսական իրավահարաբերությունների մասնակիցների իրավագիտակցությունը, իրավական մշակույթը կարող են բավական բարձր մակարդակի վրա գտնվել, կամ հակառակը բավական անհուսալի վիճակում լինել: Իրականում դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ ֆինանսական իրավահարաբերությունների մասնակիցները ֆինանսական իրավունքի վերաբերյալ իմացության բարձր կամ գերազանց մակարդակ ունենան: Սակայն դրա հետ միասին յուրաքանչյուր անձ՝ որպես ֆինանսական իրավունքի սուբյեկտ, պետք է առօրյա նշանակություն ունեցող ֆինանսական հարցերի վերաբեյալ տեղեկացված լինի: Դժվար է նաև որոշել իրավունքի վերաբերյալ իմացության այն նվազագույն շեմը, բազան, որը պետք է իմանա յուրաքանչյուր անձ՝ որպես ֆինանսական իրավահարաբերությունների մասնակից: Ցավոք, այժմ բնակչության շրջանում իրավական գիտելիքների իմացության մակարդակը շատ ցածր է, քաղաքացիների մեծ մասը շատ ընդհանուր պատկերացումներ ունի իրավունքի, առավել ևս ֆինանսական իրավունքի վերաբերյալ: Անձը հիմնականում իրավունքի հետ առնչվում է իրավունքը խախտելու դեպքերում:
Կարելի է առանձնացնել ֆինանսական իրավահարաբերությունների մասնակիցների իրավագիտակցության մակարդակի բարձրացումը, դրա անհրաժեշտությունը պայմանավորող մի քանի գործոններ, մասնավորապես՝
1. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ոչ բավարար չափով բաց, թափանցիկ լինելը, որը բնակչության շրջանում անհարգալից վերաբերմունք է ձևավորում իրավական նորմերի նկատմամբ:
2. բնակչության մեծ մասի շրջանում վարկային, հարկային, ապահովագրական, ընդհանուր ֆինանսական ոլորտում իրենց իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ իրավական նորմերի չիմացությունը:
3. օրենսդրության առավել ակտուալ հարցերի վերաբերյալ քաղաքացիների ոչ բավարար տեղեկացվածությունը, այդ թվում՝ գործող, ընդունվող իրավական ակտերի, դրանցում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու աղբյուրների վերաբերյալ ոչ բավարար չափով տեղեկացվածությունը:
4. քաղաքացիներին անվճար իրավաբանական կրթություն մատուցող իրավաբանական կազմակերպությունների սակավաթիվ լինելը:
Այս և բազմաթիվ այլ հարցերը լուծելու համար անհրաժեշտ է պետության նպատակաուղղված քաղաքականությունը՝ ֆինանսական իրավահարաբերությունների մասնակիցների իրավագիտակցությունը բաձրացնելու ուղղությամբ: Իրավագիտակցությունը բարձրացնելը բնակչության շրջանում ենթադրում է առաջին հերթին բնակչության շրջանում իրավական գիտելիքների առկայությունը, երկրորդ հերթին հասարակության մոտ հասարակական կյանքի իրավական կողմի նկատմամբ հետաքրքրության ձևավորումը, իսկ երրորդն արդեն մարդկանց շրջանում իրավաչափ վարքագիծ ընտրելու գիտակցված ընտրությունն է: Հասարակական անհրաժեշտություն են գործող ֆինանսական օրենսդրության լուսաբանումը (առավել ևս, երբ իրավաբանների համար է նույնիսկ բարդ հասկանալ ֆինանսական ոլորտին վերաբերող օրենսդրության մի մասը, մասնավորապես՝ հարկային օրենսդրությունը), իրավական պրոպագանդան, իրավադաստիարակութունը՝ իրավաբանների անմիջական մասնակցությամբ՝ խորհրդատվությունների, դասախոսություններ կարդալու, հեռուստատեսությամբ և ռադիոյով ելույթներ ունենալու միջոցով:
Ներկայացված խնդիրները լուծելու, առաջադրված նպատակներին հասնելու և իսկապես իրավական պետություն հիմնելու համար առաջարկում ենք.
1. մշակել և իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ բնակչության ֆինանսական գրագիտության բնագավառում իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ՝ այդ աշխատանքում ակտիվորեն ներգրավելով պետական իշխանության մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, կրթական, մշակութային հաստատություններին, զանգվածային լրատվության միջոցներին, իրավապահ մարմիններին:
2. միջին և բարձրագույն կրթական հաստատություններում սովորողների համար իրավական, ֆինանսական կրթության հատուկ դասընթաց ներառել, իսկ հանրակրթական հաստատություններում ֆինանսական իրավահարաբերությունների, դրանց մասնակիցների վերաբերյալ առավել ընդհանուր գիտելիքներ մատուցող դասընթացներ կազմակերպել:
3. ապահովել իրավաբանական գրականության, իրավական տեղեկագրերի, մեկնաբանությունների լայնամասշտաբ հրապարակումներ բնակչության համար, որոնք կվերաբերեն ֆինանսական ոլորտի առավել պրակտիկ հարցերին, այնպիսի հարցերի, որոնց մարդիկ առավել հաճախ են իրենց կյանքում առնչվում, (մասնավորապես՝ վարկային հարաբերությունների մեջ մտնելիս), որպեսզի անձը ընդհանուր պատկերացում ունենա, թե ինչ իրավահարաբերություններ են դրանք, ինչ պարտականություններ, ինչ իրավունքներ ունի, ինչ է անվանական տոկոսադրույքը, փաստացի տոկոսադրույթը, տուժանքը, անակցեպտ գանձումը, և որպեսզի այդ հարաբերությունների ընթացքում տեղի ունեցող տարբեր գործընթացների վերաբերյալ տեղեկացված լինի, հասկանա դրանց պատճառները և հասկանա, թե որ դեպքը կարող է որակվել իր իրավունքի խախտում, ինչ կարող է անել, ում դիմել՝ խախտված իրավունքը վերականգնելու համար:
4. կարելի է սպառող կողմ չհանդիսացող ֆինանսական իրավահարաբերությունների մասնակիցների համար իրավական գիտելիքների որոշակի ծավալ իմանալու պահանջներ մշակել, որպեսզի այդ հարաբերությունների մեջ մտնելիս իմացության որոշակի մակարդակ ունենան:
5. եթե ֆինանսական իրավահաբերության մեկ մասնակցի նկատմամբ իրավական գիտելիքներ ունենալու որոշակի պահանջ դրվի, ապա կարելի է առաջարկել նաև հաջորդ պահանջը՝ իրավահարաբերության մյուս մասնակցին՝ սպառողին, ֆինանսական որոշակի գիտելիքներ բանավոր փոխանցելու պարտականություն, որպեսզի սպառողը մոլորության մեջ չգտնվի իրավահարաբերության մեջ մտնելիս: Օրինակ՝ վարկային պայմանագրեր կնքելիս քաղացացիների մեծ մասը, բնականաբար չի ուսումնասիրում վարկային պայմանագիրը, այդ ոլորտին վերաբերող օրենդրությունը, երբեմն նույնիսկ վարկային պայմանագրով տրամադրվող վարկի գումարի չափն է իր ցանկացածից, ենթադրածից տարբերվում և դա իմանում է այն պահին, երբ փաստացի վարկի գումարը փոխանցվում է իրեն․մինչ այդ պայմանագիրը չէր ընթերցել․ գուցե ընթերցեր, չցանկանար նման պայմաններով պայմանագիր կնքել և հրաժարվեր պարզապես: Կամ հարցնում է տոկոսադրույքի վերաբերյալ, իսկ աշխատակիցն օգտվելով քաղաքացու չիմացությունից, բանկի շահերից առաջնորդվելով, ասում է անվանական տոկոսադրույքի չափը, այնինչ քաղաքացին որոշ ժամանակ անց, երբ արդեն վճարումները կատարում է պարզում է, որ փաստացի տոսակադրույքի չափը մի քանի անգամ գերազանցում է անվանական տոկոսադրույքի չափը, ընդ որում՝ գոյացման հիմքերը, չափսերը նշված էին պայմանագրում: Ի՞նչ է անում այդ դեպքում քաղաքացին. դիմում է տարբեր պետական ոչ պետական մարմիններին, բանկին՝ կարծելով, որ դա իրավունքի խախտում է, և վստահ է լինում, որ այդ մարմինները, նկատելով խախտումը, պետք է վերացնեն այն, բանկից պահանջեն, որ տոկոսադրույքը նվազեցվի, այնինչ փաստացի տոկոսադրույքի հետ կապված, ցավոք, գործող օրենսդրությունը սահմանափակում չի տալիս, հետևաբար քաղաքացին պետք է շարունակի վճարումները կատարել նույն կերպ: Իսկ եթե բանկի աշխատողն իր հետ ունեցած զրույցի ընթացքում նշեր նաև այլ վճարներից գոյացող փաստացի տոկոսադրույքի չափը, անձը հնարավոր է հրաժարվեր նման պայմաններով վարկային պայմանագիր կնքելուց, դիմեր այլ բանկի կամ վարկային կազմակերպության: Հետևաբար, բանկերը, վարկային կազմակերպությունները և մնացած բոլոր ֆինանսական կազմակերպությունները պետք է փորձեն հնարավորինս բարեխիղճ վերաբերմունք դրսևորել քաղաքացիների նկատմամբ, առաջարկել քաղաքացիներին ընթերցել ամբողջությամբ վարկային պայմանագիրը, պատասխանել նրանց բոլոր հարցերին, բանավոր ներկայացնել պայմանագրի էական պայմանները, բանկի ներքին կանոնների այն դրույթները, որոնք քաղաքացու շահերին առավել անմիջականորեն առնչվում են, սակայն ներկայումս, բնականաբար, այդ վարվելակերպը գրեթե չի կիրառվում: Նույն խնդիրը կա նաև ապահովագրական ոլորտում: Քաղաքացիների հետ կնքում են 1 էջից բաղկացած ապահովագրության վկայագրեր, մեկէջանոց պայմանագիրը, բնականաբար, ապահովագրական ոլորտին վերաբերող բոլոր կարգավորումներն իր մեջ չի ներառում, այնտեղ հղում է արվում «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի կանոններին: Բյուրոյի կանոնները բաղկացած են հարյուրավոր էջերից, քաղաքացիները այդ հարաբերությունների մեջ մտնելիս կանոնները չեն ընթերցում և չիմացության հետևանքով ոչ ցանկալի իրադրությունների մեջ են հաճախ հայտնվում: Մասնավորապես՝ եթե անձն իր մեքենան անձնական օգտագործման նպատակով է օգտագործում, ապահովագրավճարի չափն առավել նվազ է լինում, իսկ որպես տաքսի շահագործելու դեպքում ապահովագրավճարի չափն ավելանում է, և վկայագրում «օգտագործման նպատակը» դաշտում նշվում է տաքսի շահագործում: Պրակտիկայից դեպք նշենք․անձը կնքում է ապահովագրության վկայագիր, որտեղ նշված է, որ մեքենան օգտագործվելու է բացառապես անձնական շահագործման նպատակով, չի տեղեկացնում ապահովագրական ընկերության կամ գործակալի աշխատակցին, որ իր տրանսպորտային միջոցի վրա տաքսու նշան կա, թեկուզև երբեք չի օգտագործել և ցանկություն չունի մեքենան որպես տաքսի շահագործելու: Վկայագրի գործողության ընթացքում վթար է տեղի ունենում, և անձը վթարում մեղավոր կողմ է ճանաչվում, տեսաձայնագրության միջոցով ապահովագրական ընկերությունը նկատում է, որ անձի տրանսպորտային միջոցի վրա տաքսու նշան կա դրված, նկատելուց հետո պայմանագիրը դադարեցնում է քաղաքացու հետ՝ պայմանագիրը կնքելիս ապահովագրական ընկերությանը սխալ, ապակողմնորոշիչ, կեղծ տեղեկություններ հայտնելու հիմքով՝ առանց ապահովագրավճարի վերադարձի, բացի այդ՝ եթե այդ անձը վթարում մեղավոր կողմ ճանաչվի, «Հայաստանի ավտապահովագրողների բյուրո» ՀԿ-ի համար «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով հետադարձ պահանջ կիրառելու իրավունք է առաջանում մեղավոր ճանաչված այդ անձի նկատմամբ՝ տուժող կողմին հատուցված գումարի կամ դրա մի մասի չափով՝ կրկին նույն՝ վթարի պահին տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքված չլինելու հիմքով: Անձը փորձում է վիճարկել դա, իր իրավունքը պաշտպանել տարբեր կառույցներում, սակայն խնդիրն այն է, որ այս դեպքում փաստացի սպառողի իրավունքի խախտում չկա․ սպառողն ինքը ապահովագրական ընկերությանը չէր հայտնել տաքսու նշանի մասին: Վիճարկում է, նշում է, որ երբեք որպես տաքսի չի շահագործել, ցանկություն չի ունեցել, սակայն ապահովագրական ընկերությունն հարց է ուղղում. եթե անձն իր մեքենան որպես տաքսի շահագործելու ցանկություն չուներ, տաքսու նշանն ինչու՞ է առկա տրանսպորտային միջոցի վրա, գնելիս ինչու՞ չի հանել, չէ՞ որ դա հրապարակային օֆերտա է՝ ծառայություն մատուցելու վերաբերյալ: Կամ քաղաքացին նշում է, որ պայմանագրի գործողության ընթացքում միայն մեկ անգամ է վարել որպես տաքսի, սակայն կրկին իրեն պաշտպանելու տարբերակ չէ դա, քանի որ նշանակություն չունի մեքենան որպես տաքսի շահագործելու քանակը ևս: Հետևաբար, ստացվում է, որ քաղաքացին իր չիմացության պատճառով տուժում է, քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից սկզբունքն է գործում, իսկ վկայագրում ամեն ինչ նշված էր՝ օրենքի, Բյուրոյի կանոններին հղում կատարելու միջոցով, հետաբար ապահովագրական ընկերությունը օրենքի տեսանկյունից խախտում թույլ չի տվել: Թեև Կենտրոնական բանկի կանոնակարգերը նախատեսում են հաճախորդների հետ հաղորդակցության կանոններ, սակայն կրկին դա հաճախորդներին երաշխիքներ չի տալիս նշված դեպքերից լիարժեք խուսափելու համար: Այնինչ կարելի է այս դեպքերի թիվը նվազեցնել կամ կանխել, եթե ապահովագրական ընկերությունն ավելի բարեխիղճ գտնվի, և ապահովագրական ընկերության աշխատակիցն ինքը քաղաքացուց հարցնի՝ արդյոք տաքսու նշան կա իր մեքենայի վրա, թե ոչ, և եթե քաղաքացին ստի, բնականաբար այս դեպքում կխոսենք քաղաքացու անբարեխիղճ պահվածքի մասին: Իսկ եթե քաղաքացին նշի, որ տաքսու նշան կա իր մեքենայի վրա, աշխատակիցը կառաջարկի վկայագրում շահագործման նպատակը նշել տաքսի շահագործում՝ առավել բարձր ապահովագրավճարի նախատեսմամբ, իսկ եթե անձն առարկի, նշի, որ մեքենան որպես տաքսի չի շահագործելու, աշխատակիցն առաջարկի ուղղակի հանել նշանը մինչ պայմանագրի կնքումը՝ հետագայում խնդիրներից խուսափելու նպատակով: Եթե նման հարցեր չեն ուղղվում քաղաքացուն, գուցե քաղաքացին անգամ տեղյակ չլինի, որ պետք է ինքն այդ հանգամանքը նշի աշխատակցին, քանի որ հնարավոր է՝ սպառողը պարզապես տեղյակ չէ, որ տաքսի շահագործումը անձնական շահագործման նպատակից օրենքի տեսանկյունից տարբերվում է, և ապահովագրավճարի չափը, ապահովագրական ռիսկի դասերն ըստ դրա տարբերվում են միմյանցից:
Նմանատիպ խնդրահարույց դեպք առկա է նաև երաշխավորության դեպքում: Անձը երաշխավորություն է ստանձնում մեկ այլ անձի վարկային պարտավորության գծով՝ այդ անձի կողմից իր վարկային պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած «Երաշխավորների հետ գործարար վարվելակերպի կանոններ» 8/06 կանոնակարգի պահանջներին համապատասխան ֆինանսական կազմակերպությունը պետք է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ այլ պայմանագիր կնքելուց առաջ երաշխավորին ծանոթացնի երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի էական պայմաններին, վարկառուի կողմից իր պարտականությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատթարացման, երաշխավորի պարտավորության, դրա չափի, երաշխավորի վերաբերյալ վարկային ռեգիստր և վարկային բյուրո տեղեկատվության տրամադրման և վեճերի լուծման մեխանիզմների վերաբերյալ: Երաշխավորության պայմանագրում կամ առանձին փաստաթղթով երաշխավորը ձեռագրով նշում է․ «Ես՝ անուն, ազգանուն/անվանում, երաշխավորում եմ անուն/ազգանուն/անվանում ․․․ ․․․ գումարի պարտավորությունը և գիտակցում եմ, որ վերջինիս կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում ես եմ դրանք կատարելու, վատանալու է իմ վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեմ իմ սեփական գույքից»: Թեև այս ընթացակարգն անձի համար իր իրավունքների իմացության տեսանկյունից լրացուցիչ երաշխիքներ տալիս է, սակայն ներկայումս կարելի է ասել, որ ՀՀ-ում գործում է ոչ թե «վարկային պայմանագրի երաշխավորություն», այլ «անձի երաշխավորություն»-ը, քանի որ եթե վարկառուի կոնկրետ վարկային պայմանագրի մասով երաշխավորություն է ստանձնել որևէ անձ (այսուհետ՝ Երաշխավոր), և վարկառուն այդ երաշխավորությամբ ապահովված վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ, ճիշտ ժամանակին կատարում է, սակայն վարկառուն մեկ այլ ֆինանսական կազմակերպությունում ունի այլ վարկային պարտավորություն կամ պարտավորություններ (որի մասին կամ որոնց մասին Երաշխավորը գուցե նույնիսկ տեղյակ չէ), և այդ վարկային պարտավորությունը կամ պարտավորությունները վարկառուն չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում, որի հետևանքով վարկառուի վարկային պատմությունը վատթարանում է, դա անդրադառնում է Երաշխավորի վարկային պատմության վրա ևս՝ Երաշխավորի համար բացասական հեռևանքներ առաջացնելով, վատթարացնելով նրա վարկային պատմությունը: Նշված ոչ այնքան հիմնավոր և արդարացի կարգավորումը բխում է «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր պահուստների ձևավորման կարգ»-ի 3․4 կետից: Երաշխավորը երաշխավորություն ստանձնելիս հաճախ տեղեկացված չի լինում նման կարգավորման մասին (հատկապես երբ կարգավորումը հստակ չէ), տեղեկանում է սովորաբար այն պահին, երբ ցանկանում է նոր վարկ վերցնել, սակայն բանկը կամ վարկային կազմակերպությունը վարկ չի տրամադրում՝ տեղեկացնելով, որ վարկային պատմությունը «մաքուր չէ»: Դրանից հետո է սովորաբար Երաշխավորը տեղեկանում, որ վարկառուն, որի համար ինքը կոնկրետ վարկային պայմանագրի մասով երաշխավորություն էր ստանձնել, այլ ֆինանսական կազմակերպությունում վարկային պարտավորություններ ուներ, որոնք ոչ պատշաճ էր կատարել, և որոնց ոչ պատշաճ կատարումն անդրադարձել էր ոչ միայն վարկառուի, այլև հենց իր՝ Երաշխավորի վարկային պատմության վրա, ինչն արտացոլվել էր վարկային զեկույցում: Եվ փաստորեն, կարելի է ասել, որ քաղաքացու կամքից անկախ հանգամանքներում քաղաքացու վարկարժանությունը նվազում է, քաղաքացին չի կարողանում նոր վարկային պայմանագիր կնքել:
Հետևաբար, քաղաքացիներին բանավոր ամփոփ տեղեկատվություն մատուցելը առավել խնդրահարույց հարցերի վերաբերյալ, առաջարկել ընթերցելը (աշխատակցից ընթերցելու անմիջական առաջարկի ստանալը գուցե անձի մոտ հետաքրքրություն առաջացնի, և իր իրավունքներից, պարտականություններից տեղեկանալու համար հնարավոր է ընթերցի, իսկ եթե նույնիսկ վկայագիրը չի ընթերցում, տեղյակ չէ, որ վկայագրում հղում է արվում հսկայածավալ իրավական ակտերի, հավանաբար ընդհանրապես չի մտածի դրանց ծանոթանալու անհրաժեշտության մասին) հնարավորինս կնվազեցնեն վերոնշյալ դեպքերի թիվը:
6. օրենսդրության կատարելագործում, սպառողների իրավունքները, տեղեկացվածությունն ապահովելու համար լրացուցիչ երաշխիքների ամրագրում օրենքներում, կանոնակարգերում, ֆինանսական կազմակերպությունների ներքին կանոններում: Օրենսդրության կատարելագործման կապակցությամբ կարող եմ ասել, որ վերջերս առավել դրական փոփոխություններ են նկատվում՝ չիմացության պատճառով որոշ խնդիրները հնարավորինս բացառելու ուղղությամբ: Որպես օրինակ նշեմ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի 1 հոդվածը, որի երկրորդ պարբերությունը սահմանում է. «Կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում` էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով գրում է, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը` նշելով այդ տոկոսադրույքը»: Ուժի մեջ է մտել 01/01/2021 թվականից:
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ՀԿ-ի կանոնների հավելված 5-ում 30/03/2021 թվականին փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ պարզեցված և ստանդարտ հատուցումների գործընթացների դեպքերում ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերությանը ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում ավելացել է հետևյալ փաստաթուղթը (փաստաթղթերը)․ ապահովագրական պատահարի հետևանքով վնասված Ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բնօրինակը կամ պատճենը կամ տվյալ Ավտոտրանսպորտային միջոցի գծով հետևյալ հանգամանքներից որևէ մեկի առկայության փաստը հավաստող փաստաթղթի պատճենը. 1) Ավտոտրանսպորտային միջոցը նախքան ապահովագրական պատահարը եղել է չհաշվառված, հաշվառումից հանված կամ ժամանակավոր հանված, կամ 2) Ավտոտրանսպորտային միջոցն ապահովագրական պատահարից հետո խոտանման հիմքով հաշվառումից հանվել է, կամ 3) Ավտոտրանսպորտային միջոցն այնպիսի տրանսպորտային միջոց է, որի օգտագործումից բխող պատասխանատվությունը, համաձայն օրենքի, ենթակա չէ պարտադիր ապահովագրման։ Ընդ որում, ապահովագրական պատահարի պահին Ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում ներկայացված ԱՊՊԱ պայմանագրի կամ պայմանագրերի գործողության ընդհանուր ժամկետը չպետք է պակաս լինի մեկ տարուց: Նույն Կանոնների 115-րդ կետով ապահովագրական հատուցումը մերժելու հիմքերն են սահմանված: 115-դ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ապահովագրական հատուցումը մերժվում է, եթե տուժողի կողմից խախտվել են սույն կանոններով սահմանված ապահովագրական հատուցում ստանալու համար ԴՍԱ-ին դիմելու կամ սույն կանոններով պահանջվող բոլոր փաստաթղթերը ԴՍԱ-ին ներկայացվելու ժամկետները և չի հիմնավորվել սույն կանոնների 19-րդ կետում նշված հանգամանքների առկայությունը: Նշված կարգավորումների բովանդակությունից բխում է, որ եթե անձը վթարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր չի ունեցել, սակայն տուժող կողմ է ճանաչվել և հատուցում ստանալու համար դիմել է ապահովագրական ընկերությանը, սակայն չի ներկայացրել հաշվառման մեջ գտնվող և պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցի կապակցությամբ կնքված ԱՊՊԱ վկայագրի բնօրինակը կամ պատճենը, ապա այդ անձին հատուցում չի կարող տրամադրվել: Միակ տարբերակն այն է, որ անձը պետք է կնքի ԱՊՊԱ պայմանագիր, որի ժամկետը չպետք է պակաս լինի մեկ տարուց, և այդ պայմանագրի պատճենը սահմանված եռամսյա ժամկետում ներկայացնի ապահովագրական ընկերությանը, որպեսզի կարողանա հատուցում ստանալ, հակառակ պարագայում ապահովագրական հատուցումը կմերժվի Բյուրոյի կանոնների 115-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով: Այս կարգավորումը չի բխում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության տրամաբանությունից, քանի որ ԱՊՊԱ պայմանագրով անձն իր պատասխանատվությունն է ապահովագրում, այսինքն՝ վթար տեղի ունենալու դեպքում եթե ինքը մեղավոր կողմ ճանաչվի, տուժող կողմին իր ապահովագրական ընկերությունը հատուցում կտրամադրի, իսկ այն դեպքում, երբ տուժող կողմն ինքը վթարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր չի ունենում, հատուցում ստանալու համար կարևոր է ոչ թե տուժողի պայմանագիր ունենալ/չունենալը, այլ մյուս՝ վնաս պատճառած կողմի՝ իր պատասխանատվությունն ապահովագրած կամ չապահովագրած լինելը: Անձի՝ վթարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալն այլ բացասական հետևանքներ պետք է առաջացնի այդ անձի համար, ինչպես նախկինում ևս առաջացնում էր, օրինակ, տուգանքի տեսքով՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 129․2 հոդվածով սահմանված կարգով և չափով: Ուստի, ուժի մեջ մտած վերոնշյալ կարգավորումն օրինական և արդարացի չէ:
Բոլոր ծրագրերը չպետք է ապակենտրոն բնույթ կրեն, կարելի է պետության նպատակաուղղված գործունեության արդյունքում հասնել ցանկալի նպատակին: Նշված առաջարկները համակարգված իրականացնելու արդյունքում կունենանք առավել պաշտպանված սպառողական դաշտ, և դրա հետ միասին կարճ ժամանակ անց իրավագիտակցության ընդհանուր մակարդակի զգալի բարձրացում կլինի: Թեկուզև չենք հասնի կատարյալ մակարդակի, սակայն զգալի փոփոխությունը, կարծում եմ, նույնպես մեծ առաջընթաց կլինի գործող պայմաններում, իսկ շատ ավելի էական փոփոխությունները, կատարյալին հնարավորինս մոտ և իրավագիտակցության բարձր մակարդակ ունեցող հասարակության ստեղծումն առավել երկար ժամանակահատված են պահանջում՝ նպատակաուղղված և հետևողական ջանքեր գործադրելու պարտադիր պայմանով:
Ֆինանսական ոլորտում իրավագիտակցության մակարդակի բարձրացումն իր հերթին կնպաստի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Գիտական հոդվածի հեղինակ՝ Ֆիլիանա Բելլույան
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրանտ