Ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հետ կապված որոշ գործնական հարցեր

Հանցավորության կանխարգելման, հանցավոր ոտնձգություններից մարդու կյանքի ու առողջության, մարդու և քաղաքացու այլ իրավունքների ու ազատությունների, սեփականության, հասարակական կարգի և հասարակական անվտանգության, շրջակա միջավայրի և ՀՀ սահմանադրական կարգի պաշտպանության ապահովման գործում առանձնահատուկ նշանակություն է տրվում մեր պետության կողմից իրականացվող հանցավորության դեմ պայքարի քաղաքականությանը, որի բաղկացուցիչ մասն են կազմում քրեական պատիժների արդյունավետ իրականացումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը:

Վերասոցիալականցման՝ որպես պատիժ կատարող հիմնարկների հիմնական գործառույթի, կարևորագույն նպատակներից մեկը դատապարտյալի ուղղումն է, նրա օրինապահ վարքագծի ձևավորումը և ամրապնդումը, իսկ այս գործընթացում կարևորագույն տարրերից է դատապարտյալի խրախուսումը:

Չի կարելի անտեսել դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցների համակարգը, որը կանոնակարգում է դատապարտյալների իրավահպատակ վարքագիծը։ Դատապարյալի դրական վարքագիծը խրախուսելը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում դատապարտյալների ուղղիչ, կրթական միջոցառումներ իրականացնելու և վերջիններիս առօրյան հագեցնելու համար:

Խրախուսանքների վերաբերյալ հարցի քննարկման արդիկանությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատապարտյալների վերասոցիալականացման հարցում կարևոր նշանակություն ունի պատժի կրման պայմանների փոփոխումը։ Պատժի կրման պայմանների փոփոխման ինստիտուտի էությունը դատապարտյալների իրավական վիճակի փոփոխումն է, մասնավորապես, նրանց իրավունքների շրջանակի ընդարձակումը կամ կրճատումը (պատժի կրման պրոգրեսիվ համակարգը)[։ Իսկ դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները կարևորագույն նշանակություն են ունենում պատժի կրման պայմանների փոփոխման հարցում:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.

1) լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի.

2) փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տևողության ավելացում մինչև երկու ժամ՝ մեկ ամիս ժամկետով.

3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:»:

Նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝«Խրախուսանքի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։»:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 211-րդ կետի համաձայն՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի միջոցները կիրառվում են համապատասխանաբար կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ: Կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու մասին որոշումները հաշվառելու նպատակով կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմը վարում է համապատասխան մատյան:»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ: Պաշտոնատար անձանց գործողությունների կատարումը կարող է բողոքարկվել դատարան կամ օրենքով նախատեսված այլ մարմին։

ՀՀ սահմանադրական դատարանի 22.01.2019 թվականի թիվ ՍԴՈ-1439 որոշմամբ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ. «(…) մինչև Ազգային ժողովի կողմից սույն որոշմամբ արտահայտված առկա համակարգային իրավական անորոշության հաղթահարումը, քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկման հետ կապված գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատարանի կողմից, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քանի դեռ պատժի կատարման հետ կապված կոնկրետ գործի, նյութի կամ հարցի քննության իրավասությունն օրենքով հստակ վերապահված չէ քրեական գործեր քննող ընդհանուր իրավասության դատարանին (…)» :

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ սահմանադրական և կոնվենցիոն նորմերի ուժով յուրաքանչյուր անձ ունի պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, որպիսի իրավունքի դատական պաշտպանության ժամանակավորապես վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին:

Մինչդեռ, կարծում ենք, որ դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու հարցին լուծում տալու համար, նախ և առաջ, տեղին է անդրադառնալ միմյանց հետ փոխկապակցված, միմյանցից ածանցված ու միմյանցով պայմանավորված հետևյալ հարցադրումներին ու դրանց կապակցությամբ ակնկալվող համապատասխան պատասխաններին:

Դրանք են՝

 1) Վարչարարության և վարչական վարույթի մասով.

 ա. Կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի իմաստով «վարչական մարմին»  հանդիսանու՞ մ է, թե՞ ոչ,

բ. Ըստ այդմ՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի գործունեությունը «վարչարարություն» հանդիսանու՞մ և ըստ այդմ՝ դրա շրջանակներում «վարչական վարույթ» իրականացվու՞ մ է, թե՞ ոչ,

գ. Ըստ այդմ՝ եթե կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի գործունեությունը «վարչարարություն» չի հանդիսանում, ապա նույն այդ գործունեությունը առանձնահատուկ գործունեություն հանդիսանու՞մ է, թե՞ ոչ, և այդ գործունեության ընթացքում ծագող, գործող կամ դրանից բխող իրավահարաբերությունները հանդիսանում են արդյո՞ք հանրային իրավահարաբերություններից ծագած ու դրանից ածացված և ըստ այդմ՝ վերաբերում են արդյո՞ք հանրային իրավունքի բնագավառին (ոլորտին), թե՞ ոչ, եթե ոչ, ապա ո՞ ր բնագավառին (ոլորտին) են վերաբերում,

դ. Ըստ այդմ՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի կողմից կայացվող որոշումը «վարչական ակտ» հանդիսանու՞ մ է, թե՞ ոչ,

2) Ի՞նչ հնարավոր հակասությունների և հնարավոր հետևանքների կհանգեցնեն կալանավորված անձանց և դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի գործունեությունը և դրանով պայմանավորված (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող կամ դրանից ածանցված) իրավահարաբերությունները վարչարարության կարգավորման տիրույթում դիտարկելը, 

Ըստ այդմ՝ վերոնշյալ հարցադրումների կապակցությամբ հարկ է նկատի ունենալ հետևյալը.

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենքի) 1-ին հոդվածի համաձայն՝

«Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (այսուհետ` անձինք) միջև ծագած հարաբերությունները:

Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Սույն օրենքի II-VI բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների` վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեության վրա, իսկ սույն օրենքի IV-VI բաժինների գործողությունը տարածվում է նաև վարչական մարմինների այնպիսի գործողության և անգործության վրա, որոնք անձանց համար առաջացնում են փաստական հետևանքներ:»:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) վարչական մարմիններ`

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.

բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետները.

գ) տեղական ինքնակառավարման մարմինները` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար.

2) վարչարարություն` վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:»:

Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

 «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

« Սույն օրենքի իմաստով`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.

գ) զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ»:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող մի շարք քրեակատարողական հիմնարկների կանոնադրություններով ըստ էության արձանագրված է, որ քրեակատարողական նշված հիմնարկը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, օրինակ՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2001թ.-ի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1937 հրամանով հաստատված հավելվածի (ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կանոնադրության) 1.1 կետի համաձայն՝

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ՝ Պետական մարմին) համակարգի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քրեակատարողական ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահված լիազորությունների լիարժեք իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին դրա մասնակցությունը։»:

Վերոնշյալից հետևում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքի կարգավորման առարկան կապվում է վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերությունների հետ, իսկ նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «վարչական մարմինը» նույնականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Մինչդեռ ինչպես համապատասխան իրավակարգավորումներով, այնպես էլ որևէ այլ իրավական ակտով քրեակատարողական հիմնարկը, ընդամենը հանդիսանալով իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մարմիններից որևէ մեկի, այդ թվում՝ «պետական մարմնի» ու դրա տարատեսակների և «տեղական ինքնակառավարման մարմնի» հասկացությունների համատեքստերում ու շրջանակներում ակնհայտորեն չի ընդգրկվում ու չի դիտարկվում և ըստ այդմ՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չէ ու հետևաբար նաև՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 1-ին հոդվածի և 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով «վարչական մարմին» չի հանդիսանում, քանի որ «վարչական մարմին» եզրույթը, նշված օրենքի համապատասխան իրավակարգավորման համաձայն՝ նույնականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Այսպիսով՝ վերոնշյալ իրավակարգավորումների միմյանց հետ համակցության մեջ համադրված և համակարգված վերլուծությունից հետևում է, որ քրեակատարողական հիմնարկը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված մարմիններից որևէ մեկի, այդ թվում՝ «պետական մարմնի» և «տեղական ինքնակառավարման մարմին» հասկացությունների համատեքստում և շրջանակներում չի ընդգրկվում և հանդիսանալով կազմակերպություն՝ «պետական մարմին» կամ «տեղական ինքնակառավարման մարմին», և ըստ այդմ՝ նաև կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում վերոնշյալ իրավակարգավորման իմաստով՝ «վարչական մարմին» չի հանդիսանում:

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախադեպային մի շարք որոշումներով (տե՛ս՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի թիվ ՎԴ2/0016/05/16, 14.03.2017 թվականի թիվ ՎԴ/3804/05/15, 30.04.2015 թվականի թիվ ՎԴ/4651/05/12, 22.05.2016 թվականի թիվ ՎԴ/2659/05/14, 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/3310/05/15  որոշումները և այլն) տվել է «վարչական ակտի» հասկացությանը (բնորոշմանը) ներկայացվող սպառիչ և պարտադիր որակական հատկանիշները:[

Մասնավորապես՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «վարչական ակտի» հասկացությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերոնշյալ նախադեպային որոշումներում արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն՝ վարչական ակտին բնորոշ են հետևյալ սպառիչ որակական հատկանիշները.

«1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2) վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

 6) վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար՝ գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար, այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ: (…)»:

Այսինքն՝ վերոգրյալից միաժամանակ հետևում է, որ վերոնշյալ բոլոր հատկանիշները պարտադիր պետք է առկա լինեն և գործեն միաժամանակ, որպեսզի համապատասխան փաստաթուղթը համարվի «վարչական ակտ»:

Բացի այդ, վերոգրյալից հետևում է նաև, որ նախ և առաջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր վերոնշյալ և մյուս համապատասխան նախադեպային մի շարք որոշումներով արձանագրել է, որ «վարչական ակտն» ընդունվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի իմաստով գործածված «վարչական մարմինների», այսինքն՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից, մինչդեռ, ինչպես արդեն փաստարկվեց վերևում, քրեակատարողական հիմնարկը «պետական մարմին» և «տեղական ինքակառավարման մարմին» հասկացությունների համատեքստում և շրջանակներում չի ընդգրկվում ու չի դիտարկվում, այսինքն՝ որևէ «պետական մարմին» և «տեղական ինքակառավարման մարմին» չի հանդիսանում և ըստ այդմ՝ «վարչական մարմին» չի հանդիսանում:

Ելնելով պատժի կատարման (կրման) հետ կապված առանձնահատուկ գործունեության ու դրանով պայմանավորված (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող, կամ դրանից բխող) իրավահարաբերությունների առանձնահատկություններից՝ դատապարտյալը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի և քրեակատարողական ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պատիժը կրելու կարգի ու պայմանների ուժով քրեակատարողական հիմնարկի հետ գտնվում է ինչպես կազմակերպական, ներքին ենթակայության տակ, այնպես էլ դրա հետ այլ ուղղակի կապերի մեջ, որոնց շրջանակներում հստակ սահմանված են դատապարտյալների կողմից պատիժը կրելու կարգն ու պայմանները, այդ ընթացքում նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև վերոնշյալ ենթակայությամբ ու կապերով պայմանավորված մնացած բոլոր հարցերն ու գործընթացները:

Քրեակատարողական հիմնարկի և կալանավորված անձի ու դատապարտյալի միջև ծագած իրավահարաբերությունները, իրենց հերթին, չեն կարող վերաբերել հանրային իրավունքի ոլորտին, և, հետևաբար, դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի կողմից կայացված բոլոր որոշումները ևս չեն հանդիսանում հանրային իրավունքի բնագավառում (ոլորտում) կայացված, դրանք չեն ընդունվում հանրային իրավունքի բնագավառում (ոլորտում) կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ուստի և՝ ուղղված չեն այդ բնագավառում (ոլորտում)  անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, հետևաբար՝ այդ որոշումները, չեն հանդիսանում «վարչական ակտեր» ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով «վարչական ակտի» հասկացությանը (բնորոշմանը) ներկայացվող սպառիչ և պարտադիր որակական հատկանիշներին միաժամանակ չբավարարելու պատճառաբանությամբ:

Նույն կերպ և նույն պատճառաբանությամբ պայմանավորված՝ կալանավորված անձանց ուդատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններումքրեակատարողական հիմնարկի կողմից ընդունված որոշումներում բացակայում է արտաքին ներգործությունը, ինչը նույնպես ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ նախադեպային որոշումներով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ «վարչական ակտի» հասկացությանը (բնորոշմանը) ներկայացվող սպառիչ և պարտադիր որակական հատկանիշներից է:

Հարկ ենք համարում նշելու նաև, որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերևում, ինչպես դատապարտյալի կապակցությամբ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից կայացված որոշումները, այնպես էլ դրանցից բխող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի առանձնահատուկ գործունեությունն ու դրանով պայմանավորված  (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող կամ դրանից բխող) իրավահարաբերությունները չեն հանդիսանում հանրային իրավահարաբերություններից ծագած ու դրանցից ածանցված և ըստ այդմ՝ չեն վերաբերում հանրային իրավունքի բնագավառին (ոլորտին), քանի որ դրանք վերաբերում են քրեական դատավարության՝ դատարանի որոշումն ի կատար ածելու (նշանակված պատժի կատարման) փուլին, իսկ վերջինից բխող հարաբերություններն էլ, իրենց հերթին, կարգավորվում են քրեական և քրեադատավարական օրենսդրություններից ածանցված՝ քրեակատարողական օրենսդրությամբ, ինչից ելնելով էլ՝ քրեակատարողական հիմնարկի գործունեությունն ու դրանով պայմանավորված (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող կամ դրանից բխող) իրավահարաբերությունները, որոնք նույնպես վերաբերում են քրեական դատավարության՝ դատարանի որոշումն ի կատար ածելու (նշանակված պատժի կատարման) փուլին, ոչ թե արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, այսինքն՝ վարչարարություն են, ու դրանց շրջանակներում իրականացվում է ոչ թե վարչական վարույթ, այլ քրեակատարողական ոլորտում իրականացվող առանձնահատուկ գործունեություն և իրավահարաբերություններ են, որոնց կարգավորման իրավական հիմքը քրեական և քրեադատավարական օրենսդրությունից ածանցված քրեակատարողական օրենսդրությունն է, ուստի՝ քրեակատարողական հիմնարկի առանձնահատուկ գործունեությունը և դրանով պայմանավորված (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող կամ դրանից բխող) իրավահարաբերությունները քրեակատարողական բնույթի և ըստ այդմ՝ քրեակատարողական իրավունքի նորմերով կարգավորվող առանձնահատուկ գործունեություն և իրավահարաբերություններ են:

Այս կապակցությամբ թերևս տեղին է վկայակոչել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2019 թվականի հունվարի 22-ի ՍԴՈ-1439 որոշումը, որով իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ պատժի կրման ընթացքում կարող են ի հայտ գալ բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնք իրենց բնույթով քրեակատարողական հարաբերություններ են, մասնավորապես՝ Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված՝ դատապարտյալի կարգապահական պատասխանատվության ենթարկելը, դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց գործողություններն ու անգործությունը բողոքարկելը և այլն:

Հետևաբար՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև ծագած տվյալ իրավահարաբերությունը կանոնակարգող և դրան վերաբերելի նորմատիվ իրավական ակտը չէ, ուստի վերոնշյալ խնդրո առարկան չի կարող  դիտարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով նախատեսված կարգավորումների շրջանակում:

Բացի այդ, քրեակատարողական հիմնարկը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մարմիններից որևէ մեկի, այդ թվում՝ «պետական մարմնի» հասկացության համատեքստում և շրջանակներում չի ընդգրկվում և հանդիսանալով կազմակերպություն՝ «պետական մարմին», և նույն օրենքի իմաստով «վարչական մարմին» չի հանդիսանում:

Վերոգրյալից պարզ է դառնում, որ դատապարտյալի կողմից պատժի կրման ընթացքում ծագող, պատժի կատարման (կրման) սահմանված կարգին ու պայմաններին  վերաբերող իրավահարաբերությունները չեն հանդիսանում վարչարարություն և տվյալ դեպքում դրանց նկատմամբ կիրառելի չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համապատասխան դրույթները:

Այսպիսով՝ ամփոփելով վերոշարադրյալը դրանք համակցության մեջ և համակարգային վերլուծելով վերը նշված իրավական ակտերի լույսի ներքո՝ գալիս ենք հետևյալ եզրահանգմանը, որ՝

1) Վարչարարության և վարչական վարույթի մասով.

ա.Քրեակատարողական հիմնարկը հանդիսանալով իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի իմաստով «վարչական մարմին» չէ և այդպիսին չի հանդիսանում:

բ. Ըստ այդմ՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի առանձնահատուկ գործունեությունը արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, այսինքն՝ վարչարարություն չէ, և ըստ այդմ՝ կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի այդ առանձնահատուկ գործունեության ընթացքում վարչական վարույթ չի իրականացվում:

գ. Ըստ այդմ՝ Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ ունեցած իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկիգործունեությունը քրեակատարողական բնագավառում (ոլորտում) իրականացվող առանձնահատուկ գործունեություն է, այդ առանձնահատուկ գործունեության ընթացքում ծագող, գործող կամ դրանից բխող իրավահարաբերությունները չեն հանդիսանում հանրային իրավահարաբերություններից ծագած ու դրանցից ածանցված և չեն վերաբերում հանրային իրավունքի բնագավառին (ոլորտին), դրանք վերաբերում են քրեական դատավարության՝ դատարանի որոշումն ի կատար ածելու (նշանակված պատժի կատարման) փուլին, իսկ վերջինից բխող իրավահարաբերություններն էլ, իրենց հերթին, կարգավորվում են քրեական և քրեադատավարական օրենսդրությունից ածանցված քրեակատարողական օրենսդրությամբ, ինչով պայմանավորված էլ՝ այդ իրավահարաբերությունները քրեակատարողական բնույթի և ըստ այդմ՝ քրեակատարողական իրավունքի նորմերով կարգավորվող իրավահարաբերություններ են,

դ. Կալանավորված անձանց ու դատապարտյալների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի պետի կողմից կայացվող որոշումը «վարչական ակտ» չէ:

ե. Կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ քրեակատարողական հիմնարկի ունեցած քննարկվող իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի առանձնահատուկ գործունեությունը՝ (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող, կամ դրանից բխող) իրավահարաբերությունները վարչարարության կարգավորման տիրույթում դիտելը կհակասի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի և մյուս համապատասխան իրավակարգավորումների պահանջներին և արդեն իսկ կայացված բազմաթիվ դատական ակտերով մշակված և արձանագրված (ներկայացված) այն դիրքորոշումներին, համաձայն որոնց՝ պատժի կատարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները առանձնահատուկ՝ քրեակատարողական իրավահարաբերություններ են, ուստի և չեն կարող կարգավորվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներով:

զ. Կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ ունեցած քննարկվող իրավահարաբերություններում քրեակատարողական հիմնարկի առանձնահատուկ գործունեությունը (այդ թվում՝ այդ գործունեության ընթացքում ծագող, գործող, կամ դրանից բխող) իրավահարաբերությունները վարչարարության կարգավորման տիրույթում դիտարկելը կարող է բացասական հետևանքներ առաջացնել քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության վրա պատժի կատարման հիմնական նպատակների պատշաճ իրականացման գործընթացն ու ձևավորված միասնական պրակտիկան խաթարելու առումով:

Գիտական հոդվածի հեղինակ՝ Արփի Լազարյան (ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ)