Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների ընտրություններին

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանը թեկնածություն է առաջադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների խորհրդի անդամության համար: 

«Մեր Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի անդամների ընտրություններում թեկնածուներից մեկն է: Դա մեզ համար շատ կարևոր է, և մենք պետք է ակտիվ քայլեր ձեռնարկենք ընտրարշավի ժամանակ»,-նշել է Մնացականյանը։ Նա նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում անդամակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մշտական խնդիրներից մեկն է: 

Այս նորությունը հաստատել է նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Վերջինս պարզաբանել է, որ Մարդու Իրավունքների Խորհրդի ընտրությունները նախատեսված են 2019 թվականի հոկտեմբերին՝ 2020-2022 թվականների ժամանակահատվածի համար: ՄԱԿ-ի մարմիններում ընտրվելու համար ՄԱԿ-ում ձևավորված ընթացակարգի համաձայն՝ հինգ տարածաշրջանային խմբերին հատկացված են որոշակի թվով տեղեր: Հայաստանն ընդգրկված է Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբում և ՄԻԽ ընտրություններում այդ խմբի համար հատկացված երկու թափուր տեղեր։ Ընտրություններում ներկայացված է երեք երկիր: Ընտրարշավում Հայաստանը կենտրոնանալու է ժողովրդավարական ձեռքբերումների՝ հատկապես թավշյա հեղափոխության արդյունքում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խրախուսման, օրենքի գերակայության, արդարադատության ոլորտներում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի վրա:

Հայաստանի թեկնածությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամակցության համար ներկայացված է 2031 թվականին կայանալիք ընտրություններում՝ 2032-2033 թվականների համար: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի անդամների երկու-երրորդի դրական քվեն (ինչը կախված քվեարկությանը մասնակիցներից և կազմում է մոտ 123-128 ձայն)՝ ընտրապայքարը բավականին լարված է լինելու և պահանջելու է ռեսուրսների և կարողությունների մոբիլիզացում: ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը նաև նշել է, որ մինչև 2045 թվականն արդեն իսկ առաջադրված մի շարք երկրների թեկնածություններ կան:

Մեկնաբանություններ