Էկիսն ընդդեմ Լատվիայի

Դիմումատուն՝ Մարտինես Էկիսը, ազգությամբ լատվիացի է, ծնվել է 1981 թվականին, բնակվում է Լատվիայի Վենտսպիլս նավահանգստային քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ազատազրկման դատավճիռների կատարման վերաբերյալ Լատվիայի օրենսդրությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է ազատազրկման դատապարտված կանանց նկատմամբ իշխանությունների կողմից խտրական վերաբերմունքի, իր հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու և իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու որոշման մասին։ 

2001 թվականին Դիմումատուն մեղավոր է ճանաչվել՝ շորթում կատարելու և ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն կատարելու համար։ Դատարանի որոշմամբ՝ Դիմումատուն դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

2008 թվականին Դիմումատուն պարզել է, որ Դատարանը ծանրացուցիչ հանգամանքներով սպանություն կատարած կանանց համար ազատազրկման ավելի մեղմ պատիժ է սահմանում, ինչից հետո նրանց տեղափոխում են քրեակատարողական հիմնարկներ, մինչդեռ    ազատազրկման դատապարտվելուց հետո տղամարդկանց միանգամից տեղափոխում են խիստ ռեժիմի փակ կալանավայրեր։ 

2008 թվականի հոկտեմբերին մահացել է Դիմումատուի հայրը։ Նրա հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար Դիմումատուն դիմում է ներկայացրել համապատասխան մարմիններին՝ իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու պահանջով։ Սակայն Դիմումատուի ներկայացրած դիմումը մերժվել է այն հիմքով, որ վերջինս կրում է իր պատիժը խիստ ռեժիմի հսկողության փակ կալանավայրում։ 

Դիմումատուն տեղեկացել է, որ համապատասխան ժամանակահատվածում իշխանությունները բավարարել են նման իրավիճակում հայտնված, փակ կալանավայրում ազատազրկման պատիժ կրող մի կնոջ ներկայացրած դիմումը։ Այնուհետև, Դիմումատուն իր դիմումը մերժելու որոշման դեմ երեք բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան, սակայն, ապարդյուն։ 

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտում, 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում, 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում և 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իշխանությունների կողմից ազատազրկման դատապարտված կանանց և տղամարդկանց միջև անհավասարության, նրանց կալանավայրերի պայմանների և ռեժիմների տարբերության, ինչպես նաև՝ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին։ Դիմումատուն բողոքել է հիմնավոր պատճառների բացակայության պայմաններում իր հոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու և իրեն կարճաժամկետ մեկնում հատկացնելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու որոշման արդարացիության մասին։ 

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում և 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Լատվիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։