ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Սաուդյան Արաբիային և Թուրքիային հրապարակել Թուրքիայում սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման և ենթադրյալ սպանության դեպքին առնչվող բոլոր մանրամասները։ Նա տեղեկացրել է, որ ձեռք բերված համաձայնության շնորհիվ քննչական մարմիններին հաջողվել է մուտք գործել Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, որտեղից էլ այս տարվա հոկտեմբերի 3-ին անհետացել է սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջին։ Հայտնի է, որ վերջինս ներկայացել է Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ Թուրքիայում ամուսնանալու և հարսանիքի համար անհրաժեշտ փաստաթղթեր հանձնելու նպատակով:
«Ես կարծում եմ, որ լրագրող Հաշքաջիի անհետացման դեպքի շուրջ ստեղծված իրավիճակի սրման լույսի ներքո պետք է անհապաղ չեղարկել համաձայնագրերով և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով սահմանված համապատասխան կառույցների և դիվանագետների արտոնությունները և անձեռնմխելիությունը»,- հայտարարել է այս կապակցությամբ Միշել Բաչելետը: Նա շեշտել է, որ բռնի անհետացումը և սպանությունը ծայրահեղ ծանր հանցագործություններ են, և անձեռնմխելիության սկզբունքը չպետք է խոչընդոտի կատարված հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին։ Գերագույն հանձնակատարը նաև ափսոսանք է հայտնել, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հանցագործության կատարման ենթադրյալ վայրում դատաբժշկական փորձաքննություն չի իրականացվել:
ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը կոչ է արել երկու երկրների իշխանություններին չխոչընդոտել լրագրողի անհետացման դեպքի արագ, արդյունավետ, անկողմնակալ և թափանցիկ հետաքննության իրականացմանը: Նա անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իշխանությունները հավուր պատշաճի հետաքննություն չեն իրականացնում և չեն պարզաբանում, թե ինչ է կատարվել իրականում։
Գերագույն հանձնակատարը հիշեցրել է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան միացել են Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիային։ Ուստի՝ երկու երկրների իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն արգելելու, բռնի անհետացման դեպքերը կանխելու և մարդու իրավունքների այլ լուրջ խախտումները բացահայտելու ուղղությամբ՝ հետաքննելով նման դեպքերի վերաբերյալ բոլոր բողոքները և ենթարկելով հանցագործներին պատասխանատվության։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նույնպես դիմել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին և կոչ է արել անմիջապես միջազգային անկախ հետաքննություն նախաձեռնել և բացահայտել սաուդցի լրագրողի անհետացման դեպքը։ Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել այն կապակցությամբ, որ այդ հանցագործության անպատժելիությունը կարող է հանգեցնել նման այլ հանցագործությունների հաճախակի իրականացմանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին մուտք է գործել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և անհետացել է։ Նա Սաուդյան Արաբիայի ամենահայտնի և ազդեցիկ լրագրողներից մեկն է և 2017 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Նա բազմիցս քննադատել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների վարած քաղաքականությունը: 59-ամյա լրագրողը և վերջինիս ազգությամբ թուրք հարսնացուն ներկայացել են Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ հարսանիքի համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու նպատակով: Նրա հարսնացուին չեն թույլատրել մուտք գործել հյուպատոսարանի գլխավոր շենք, իսկ հինգ ժամ հետո տեղեկացրել են, որ Հաշքաջին արդեն լքել է հյուպատոսարանը:
Լրագրողի անհետացման և ենթադրյալ սպանության դեպքի մասին քննարկվում է մի քանի հավանական վարկած, սակայն գործը դեռևս հետաքննության փուլում է։