ԱՀԿ գլխավոր տնօրենն աշխատանքային այցով կմեկնի Աստանա

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ԱՀԿ Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։ Միջոցառմանը կմասնակցի ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն: Կլոր սեղանին հրավիրված են նաև ԱՀԿ անդամ պետությունների նախարարները և դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների պատվիրակությունների ղեկավարները:

Նշենք, որ սեպտեմբերի 28-ին Աստանայում տեղի կունենա «Զարգացման նպատակով առևտրի և ներդրումների խթանման բարձր մակարդակի համաժողովը․ Եվրասիական տեսակետ»։

Համաժողովի նպատակն է՝ նպաստել ներդրումների խթանման ոլորտում ԱՀԿ նոր կանոնների շուրջ երկխոսության զարգացմանը, ապահովել ներդրումային գործընթացների թափանցիկությունը և կանխատեսելիությունը, պարզեցնել և արագացնել վարչարարության ընթացակարգերը և պահանջները: Համաժողովի բացման արարողությանը կմասնակցեն Ղազախստանի վարչապետ Բակիթջան Սագինտաևը և ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուն։

Հիշեցնենք նաև, որ Ղազախստանը դարձել է ԱՀԿ-ի լիիրավ անդամ պետություն 2015 թվականի նոյեմբերի 30-ին՝ գրեթե 20 տարի ընթացող բանակցություններից հետո։