ՄԻՊ-ը ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչների

Նոյեմբերի 27-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է «Ագաթ» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Գրիգորյանին, նույն ՀԿ-ի ներկայացուցիչ Աշոտ Մարգարյանին, «Մոբիլիթի ինթերնեյշնլ» ԱՄՆ կազմակերպության ծրագրերի մասնագետ Սյուզի Գրիմսին, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներառական կրթության մասնագետ Վիրջինիա Աթկինսոնին և  «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մուշեղ Հովսեփյանին:

Պաշտպանը կարևորել է հասարակական կազմակերպությունների աշխատանքը հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու գործում:

Արման Թաթոյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել է  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նոր օրենքի նախագծին, որի մշակման գործընթացին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Պաշտպանի աշխատակազմը:

Հանդիպման ավարտին քննարկվել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և հասարակական կազմակերպությունների հետագա համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հարցը: