Հայկ Սարգսյանը 50 մլն դրամի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ դատավոր Աննա Դանիելյանը հրապարակեց որոշումը Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբեյալ: Այսպիսով, Սերժ Սարգսյանի եղբորորդի՝ Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց գրավով, գրավի չափ դատարանը նշանակեց 50 միլիոն ՀՀ դրամ: Հավելենք, որ Հայկ Սարգսյանը դատարան չէր բերվել:

Նշենք, որ նախորդ դատական նիստում մեղադրող դատախազն առարկել էր խափանման միջոցի փոփոխության միջնորդությանը՝ պատճառաբանելով, թե Հայկ Սարգսյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատաքննության ընթացքին։

Հիշեցնենք, որ  Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը հուլիսի 10-ին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Այսպիսով, հուլիսի 11-ին դատարանը բավարարել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: