Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն՝ մինչև 2019 թվականի հունվարի 18-ը Ռուսաստանը պարտավոր է զեկույց ներկայացնել՝ ղրիմ-թաթարական Մեջլիսի գործունեության արգելքը վերացնելու համար իր կողմից իրականացված հստակ գործողությունների վերաբերյալ։
2017 թվականի ապրիլի 19-ին Միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ղրիմի Մեջլիսի գործունեությունը վերսկսելու համար։ Մասնավորապես՝ Միջազգային դատարանը հրամայել է վերացնել Ղրիմի թաթարների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառված բոլոր սահմանափակումները, վերականգնել Ղրիմում Մեջլիսի գործունեությունը և Ղրիմի թաթարների համար կյանքի և գործունեության բնականոն պայմաններ ապահովել։
Ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը կարգադրել է Ռուսաստանին իրագործել իր կայացրած որոշումը և զեկույց ներկայացնել՝ վերոհիշյալ ժամկետում սույն որոշումը կատարելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ 2016 թվականին Ուկրաինան բողոք է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ Ռուսաստանի Դաշնության կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում թաթար ժողովրդի իրավունքները խախտելու և Ղրիմի թաթարների Մեջլիսի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։