Գլխավոր Այժմ Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ենք հնարավոր բոլոր միջոցներով. Գեորգի Ավետիսյան

Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու ենք հնարավոր բոլոր միջոցներով. Գեորգի Ավետիսյան

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի միջազգային ծրագրերի բաժնի պետ Լիլիթ Ափուջանյանին և Ճապոնիայից ժամանած սննդամթերքի անվտանգության խորհրդատու Շինթա Նիշինոյին:

Ճապոնացի հյուրին ներկայացվել են Տեսչական մարմնի գործառույթները և սննդամթերքի անվտանգության վերահսկման մեխանիզմներն՝ այս ենթատեքստում նաև փոքր և միջին ձենարկություններին ներկայացվող պահանջները:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը շեշտել է փոքր ու միջին բիզնեսին հնարավոր բոլոր միջոցներով՝ խորհրդատվությամբ, հանդիպումների ու սեմինարների կազմակերպմամբ, աջակցելու պատրաստակամությունը: Նա մասնավորեցրել է Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ HACCP, համակարգի ներդման անհրաժեշտությունը՝ նշելով, որ շատ ավելի հեշտ և նպատակահարմար է կանխել ռիսկերը, վերացնել դրանք կամ հասցնել նվազագույնի հենց արտադրության գործընթացում, քան՝ վերահսկողական գործողությունների միջոցով:

Պարոն Նիշինոն ներկայացրել է ճապոնական փորձն այս ոլորտում, նաև տեղեկացրել, որ HACCP համակարգի ամբողջական ներդրումը Ճապոնիայում նախատեսվում է ավարտել մինչև 2020 թվականը: Նա նշել է, որ 36 ոլորտների համար մշակվում են առանձին ձեռնարկներ, որոնք ներառում են բոլոր ձևաթղթերն ու մատյանների օրինակները: Այս առումով մեծ նշանակություն է տրվում տնտեսվարողների համար թրեյնինգների կազմակերպմանը:

Թե Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լիլիթ Ափուջանյանը, թե Տեսչական մարմնի մասնագետները շեշտել են ավելի սերտ համագործակցելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարևորվել է տնտեսվարողների գիտելիքների և կարողությունների ավելացման համար ջանքերի մեկտեղումը, պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել թրեյնինգներ փոքր և միջին ձեռնարկատերերի, հատկապես՝ նոր բիզնեսի մեկնարկման ծրագրեր ունեցողների համար: Տնտեսվարողները կարիք ունեն ամենալայն տեղեկատվության՝ բիզնես սկսելու համար անհրաժեշտ ամենաառաջնային քայլերից սկսած մինչև HACCP համակարգերի ներդրման մանրամասները:

Թրեյնինգների մեկ այլ շարք էլ նախատեսվում է կազմակերպել Տեսչական մարմնի մասնագետների որակավորման բարձրացման ու գիտելիքների կատարելագործման համար: