Ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացն արդեն երկար տարիներ է, ինչ գործում է ՀՀ-ում: 2009թ.-ից այդ գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը՝ առաջնորդվելով 2011թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր չափանիշներով և կարգով: Հավատարմագրման գործընթացների արդյունքում ուսումնական հաստատությանը կամ մասնագիտության կրթական ծրագրին տրվում է հավատարմագրվածի կարգավիճակ՝ որոշակի վավերականության ժամկետով: Հավատարմագրման չափորոշիչների, առավելությունների, փորձագետների մասին Legalinfo.am-ը զրուցել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանի հետ:
-Ի՞նչ է իրենից ենթադրում բուհերի հավատարմագրումը, և ո՞րն է այս գործընթացի հիմնական նպատակը:
-Հավատարմագրումը ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի՝ պետության կողմից սահմանված որոշակի չափանիշներին համապատասխանության արտաքին հավաստումն է «երրորդ» կառույցի կողմից: Այսինքն, եթե բուհերը դիտարկենք որպես կրթական ծառայություններ մատուցող կառույցներ, իսկ պետությունը որպես այդ ծառայությունների պատվիրատու «կառույց», ապա հավատարմագրումը կոչված է արտաքին գնահատման հիման վրա շահակիցներինուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին, պետությանը և այլն հավաստելու տվյալ հաստատության և նրա կողմից իրականացվող ծրագրերի համապատասխանությունը պետության պահանջներին:
Ուսումնական հաստատությունների արտաքին գնահատումն իրականացնում են փորձագետները, որոնք ոլորտի առաջատար մասնագետներ են, բայց հավատարմագրվող ուսումնական հաստատության հետ որևէ կապ չունեն:
-Ի՞նչ ձևերով է իրականացվում հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում:
-Գործող կարգի համաձայն՝ հավատարմագրումը իրականացվում է երկու գործընթացներով: Մեկն ինստիտուցիոնալ հավատարմագրումն է, որը հավաստում է մասնագիտական ուսումնական հաստատության կարողությունների բավարարությունը և կառավարման արդյունավետությունը: Այս հավատարմագրման ժամանակ բուհը գնահատվում է ինստիտուցիոնալ կարողությունների 10 չափանիշներով, այն է՝ ուսումնական հաստատության առաքելության և գործունեության համապատասխանությունը, որակի ներքին ապահովման համակարգի աշխատանքը, անհրաժեշտ պրոֆեսորադասախոսական կազմի առկայությունը, ռեսուրսները, ուսանողների և այլ շահակիցների հանդեպ ստանձնած հասարակական պատասխանատվությունը և այլն:
Ծրագրային հավատարմագրումը հավաստում էմասնագիտությունների կրթական ծրագրերի որակը և համապատասխանությունը սահմանված չափանիշներին: Կրթական ծրագրերը գնահատվում են 7 չափանիշներով: Դիտարկվում է դրանց բովանդակությունը, համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին, մատուցվող կրթության արդիականությունը, շրջանավարտներին շնորհվող որակավորումները և այլն:
-Ովքե՞ր են փորձագետները և ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են:
-Փորձագիտական խմբերում շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են ընդգրկվում: Հաշվի առնելով, որ հավատարագրման երկու գործընթացներ կան, ուստի երկու բնույթի փորձագիտական խմբեր են լինում: Փորձագիտական խմբերին ներկայցվող պահանջներից է, որ բոլոր խմբերում ընդգրկված լինեն նաև միջազգային հեղինակավոր մասնագետներ, ինչպես նաև ուսանող-փորձագետներ:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակ փորձագիտական խմբում ընդգրկվում են մասնագետներ, ովքեր կրթության կազմակերպման և կառավարման որոշակի փորձ ունեն: Քանի որ ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում գնահատվում է նաև բուհում կրթական ծրագրերի կառավարումը, ապահովում ենք, որ մասնագետները դիտարկվող կրթական ծրագրերի ոլորտի ներկայացուցիչներ լինեն: Որպես կանոն, մեր փորձագետները փորձված դասախոսներ են, դեկաններ, պրոռեկտորներ, նախկին ռեկտորներ, ՄԿԾ-ների մշակման, ինչպես նաև որակի ապահովման պատասխանատուներ: Փորձագետին ներկայացվող պահանջները մանրակրկիտ կերպով ներկայացված են մեր կենտրոնի կայք էջում:
Իսկ ծրագրային հավատարմագրման ժամանակ փորձագիտական խմբում պարտադիր ընդգրկվում են նաև ոլորտի գործատուներ, որոնք գնահատում են ծրագիրը՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից:
-Ինչո՞ւ է պետք հավատարմագրումը բուհերին:
Նախ՝ հավատարմագրումը բուհին թույլ է տալիս ստանալ պետական աջակցություն և անվճար ընդունելության տեղեր պետպատվերի շրջանակում:
Երկրորդ՝ բուհում իրականացվող գործընթացների արդյունավետությունը գնահատելու և դրանք բարելավելու համար ցանկալի է, որ բուհը պարբերաբար իրականացնի ինքնավերլուծություն: Հավատարմագրումն այդ հնարավորությունը տալիս է: Բացի այդ, նույն գործընթացներն ուսումնասիրում և գնահատում են նաև արտաքին մասնագետները՝ տրամադրելով բարելավման խորհրդատվություն: Հավատրմագրումը գործընկերային գնահատման և մասնագիտական վստահության գործընթաց է:
Երրորդ՝ հավատարմագրումը սեփական կարողությունների ցուցադրման և հավաստման գործընթաց է: Հավատարմագրումը և դրա արդյունքում հրապարակային դարձած տեղեկատվությունը ցույց է տալիս, թե ինչով է տվյալ ուսումնական հաստատությունը շահեկանորեն առանձնանում մյուսներից, ինչով է գրավիչ, ինչ ուժեղ կողմեր ունի և այլն: Այսինքն՝ հավատարմագրված լինելը նշանակում է լինել վստահելի:
-Մի փոքր խոսենք հավատրմագրման ժամկետներից. առավելագույնը քանի՞ տարով կարող է բուհը հավատարմագրվել:
-Ինստիտուցոնալ հավատարմագրում կարող է շնորհվել առավելագույնը 6 տարի ժամկետով, եթե հավատարմագրման չափանիշներին բուհը բավարարում է և չունի էական խնդիրներ: Հավատարմագրում կարող է շնորհվել 4 տարի ժամկետով, երբ որոշ չափանիշների տիրույթում թերություններ կան, սակայն դրանք չեն ազդում ուսումնական պրոցեսի նորմալ կազմակերպման վրա: Եվ կա հավատարմագրման 2 տարի ժամկետ, որից առաջ «դրված է» պայմանական բառը: Սա հավատարմագրման ամենակարճ ժամկետն է, որ կարող է շնորհվել, երբ ուսանողի համար բուհի գործունեությունը խնդրահարույց է, սակայն 2 տարում շտկելի է: Ուստի հաստատությանը ժամկետ է տրվում փորձագետների կողմից մատնանշված թերությունները վերացնելու համար՝ իրականացվող բարեփոխումների մասին պարբերաբար ՈԱԱԿ-ին հաշվետու լինելու պայմանով:
Հավատարմագրման ժամանակ փորձագիտական այցից հետո բուհը, հիմնվելով փորձագետների տրամադրած խորհրդատվության վրա, բարելավման կամ թերությունների վերացման ծրագիր է կազմում՝ նշելով ժամկետներ, հատկացվող ռեսուրսներ, պատասխանատուներ: Փորձագետները նաև բուհի բարելավման պլանի իրատեսականությունն են գնահատում: Հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի, բուհի բարելավման պլանի և դրան տրված փորձագիտական գնահատականի վրա՝ ՈԱԱԿ-ի Հավատարմագրման հանձնաժողովն որոշում է կայացնում՝ ուսումնական հաստատությանը շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում 6, 4 կամ 2 տարով:
Ինչ վերաբերվում է ծրագրային հավատարմագրմանը, ապա այստեղ երկու ժամկետ կա՝ 5 տարի և 2 տարի: 2 տարին նույն պայմանական կարգավիճակն է, իսկ 5 տարին հավաստում է, որ կրթական ծրագիրն ուսանողի և պետության շահերի տեսանկյունից վստահելի է:
-Հնարավո՞ր է ինչ-որ խնդիրների առաջացման պարագայում հավատարմագրումը վաղաժամկետ կասեցնել:
-Հավատարմագրման կարգը նման հնարավորություն սահմանում է 2 տարի ժամկետով հավատարմագրում շնորհելու պարագայում: Եթե տրված խորհրդատվությունները և բարելավման պլանով նախատեսված գործողությունները հաստատության կողմից չեն իրականացվում, ապա, փորձագետների կարծիքի հիման վրա, Հավատարմագրման հանձնաժողովն ուսումնական հաստատությանը կարող է զրկել հավատարմագրումից:
Իսկ 4 կամ 6 տարի ժամկետով հավատարմագրված բուհերը 2 տարին մեկ պարբերականությամբ ինքնագնահատում են իրականացնում և արդյունքները ներկայացնում ՈԱԱԿ: Այստեղ հաշվետվությունը կարդացվում է, և դրա հիման վրա որոշակի եզրակացություն է գրվում, որն ուղարկվում է բուհի ղեկավարությանը և հավատարմագրման հանձնաժողովին: Եթե վտանգներ կան, ապա բուհը պարտավոր է դա հաշվի առնել, բայց այս դեպքում հավատարմագրումը հետ կանչելու մեխանիզմ չկա:
-Ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվում հավատարմագրման ժամանակ:
-Դրանք կառավարության կողմից 2011թ. հաստատված «ՀՀ մասնագիտական կրթության հավատարմագրման շափանիշներն» են, որոնք վերաբերում են ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողություններին և կրթական ծրագրերին: Ինչպես արդեն նշեցի՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում գնահատումն իրականացվում է 10 տիրույթներում, ծրագրայինի դեպքում՝ 7 տիրույթներում: Չափանիշները և չափորոշիչները, պարզ ասած, վիճակի նկարագրություններ են՝ ինչպիսի՞ն պետք է լինի «բավարար» վիճակը ուսումնական հաստատության դիտարկվող տիրույթներում: Փորձագետներն էլ գնահատում են, թե ի՞նչ չափով են ապահովված այդ չափանիշների պահանջները:
Հավատարմագրման գործընթացը բարդ պրոցես է և բավականաչափ երկար է տևում, մոտ մեկ տարի:
-Ի՞նչ առավելություն ունի հավատարմագրված բուհը մյուս բուհերի համեմատ:
–Հավատարմագրումը փաստում է, որ բուհը ստանձնել է բարելավման պարտավորություն և իր գործունեությամբ ձգտում է լինել վստահելի:
Եթե բուհը չի հավատարմագրվում, ապա հաջորդ տարվանից նրա պետպատվերի տեղերի ֆինանսավորումը դադարացվում է: Ինչպես նաև դադարեցվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը: Եթե ծրագիրը չի հավատարմագրում, ապա ոչ միայն դադարեցվում է այդ ծրագրի ֆինանսավորումը, այլ նաև նրա հաջորդ փուլը՝ մագիստրատուրան: Մինչև հիմա, սակայն, այս պատժամիջոցները չեն կիրառվել, քանի որ չեն հավատարմագրվել միայն ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնք պետական ֆինանսավորում չէին ստանում:
Փոխարենը, ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած ոչ պետական ուսումնական հաստատություններն արդեն պետության կողմից հատկացված անվճար ընդունելության տեղեր ունեն:
Մենք ունենք հավատարմագրման պետական գրանցամատյան, որտեղ գրանցվում են այն ուսումնական հաստատությունները, որոնք անցել են հավատարմագրում: Շնորհիվ այն բանի, որ ՈԱԱԿ-ը Որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է, ինչպես նաև գրանցված է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրում ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրումները ճանաչելի են նաև արտերկրում:
-Ի՞նչ բացթողումներ ունի հավատարմագրման գործընթացը:
-Կարծում եմ, որ ծրագրային հավատարմագրումը օրենսդրական բացի պատճառով ներկայում մնացել է ուշադրությունից դուրս: Ուսումնական հաստատությունները հնարավորություն ունեն չդիմելու ծրագրային հավատարմագրման և չեն դիմում: Դա մենք համարում ենք որակյալ կրթության տրամադրման ռիսկերից մեկը: Եթե ինձ հարցնեին, ապա ներկա փուլում ես ավելի կկարևորեի ծրագրային հավատարմագրումը, քան թե ինստիտուցիոնալը:
Բացթողումներից մեկը կարելի է համարել այն, որ խիստ չեն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրումը հետ կանչելու մեխանիզմները:
-«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի պաշտոնական կայքում ներկայացվում է հավատարմագրման արժեքները, որի ընդհանուր գումարը կազմում է 8 մլն դրամից ավել: Կխնդրեի արժեքի ձևավորման քաղաքականությունից խոսեք: Ինչպե՞ս է արժեքը ձևավորվել և ի՞նչ ծախսեր է այն իր մեջ ներառում:
-Դա ոչ թե հստակ գումարն է, այլ մոտավոր, որովհետև կախված է ուսումնական հաստատության գործունեության գնահատման համար անհրաժեշտ աշխատանքի ծավալից՝ պայմանավորված ուսանողների, իրականացվող ծրագրերի, մասնաճյուղերի, մասնաշենքերի թվով և այլն: Հավատարմագրման արժեքը որոշվում է նրանով, թե փորձագետները քանի օր պետք է աշխատեն: Գումարի մեջ են մտնում միջազգային և տեղացի /եթե ուսումնական հաստատությունը Երևանում չէ/ փորձագետների տեղափոխման ծախսերը և աշխատավարձերը, հյուրանոցների վարձավճարները, փորձագետների օրապահիկները և պրոցեսի նորմալ ապահովման այլ ծախսեր:
Հավատարմագրման սակագները հաստատում է ՈԱԱԿ-ի Հոգաբարձուների խորհուրդ, որը մանրամասն քննարկում և հաստատում է այդ ծախսերը, որից հետո ամեն մի ուսումնական հաստատության համար արժեքը հաշվարկում է առանձին: 8 մլն. դրամը հենանշային գին է: