«Սասնա ծռեր»-ի պաշտպանները պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց

Երևանի ընդանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 11 անդամների քրեական գործը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

 Հավելենք, որ նիստերի դահլիճը մարդաշատ էր, ինչպես նաև քաղաքացիներ կային դատարանի մուտքի մոտ,որոնք չէին կարողանաում ներս մտնել, քանի որ դահլիճում տեղ չկար։
Պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատավորին դիմեց և խնդրեց դրսում հավաքվածներին ներս թողնել, քանի որ ամբաստանյալների հարազատներն են և ցանկություն ունեն տեսնել վերջիններիս։ Դատավորը չառարկեց, միայն հորդորեց լռություն պահպանել։
Նիստը շարունակվեց և դատավորը ներկայացրեց ամբաստանյալներին իրենց իրավունքները, ապա սկսեց ամբաստանյալների ինքնությունների ճշտումը։
«Սասնա Ծռեր»-ի անդամներից Վարդան Գերավետյանը, լսելով իր մեղադրանքը, հայտարարեց, որ ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել. «Ես իմ սուրբ պարտքն եմ համարել դուրս գալ համակարգի դեմ, կանգնել և տրորել իշխանությանը։ Գողն ու թալանչին Սերժիկ Սարգսյանն է և իր ընկերները»։
Դատարանը որոշել է գործի քննությունը վերսկսել և շարունակել սույն գործը։ Նշենք, որ Արթուր Օհանյանի նախագահությամբ նիստերը գտնվում էի ապացույցների հետազոտման փուլում, ինչը նշանակում է, որ ապացույցների հետազոտությունը շարունակվելու է։
Նախագահող դատավորը ներկայացրեց մուտք եղած փաստաթղթերը։
Դատաքննությունն նշանակելու որոշմամբ՝ դատարանը անդրադարձել է Վարդան Գերավետյանի տեսակցությունների և զանգերի վրա արգելանքի խնդրին, որը մասամբ բավարարվել է։
Պաաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարանին միջնորդություն է ներկայացրել Արամ Հակոբյանի և Վարդան Գերավետյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
«Միջնորդությանը առաջին պահանջը՝ ազատ արձակելն է։ Վերջին անգամ նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ կալանքը՝ որեպս խափանման միջոց, երկարացվել է մայիս ամսին, սակայն հետո դատարանը կալանքը երկարացնելու հարց չի քննել և անփոփոխ է թողել ընտրված կալանքը։ Այդ պահից սկսված  իմ պաշտպանյալները գտնվում են անազատության մեջ առանց օրենքի պնդմամբ։ Երկրորդ պահանջ ներկայացրել ենք խափանման միջոցը փոխարինել կամ վերացնելը»,- ասաց պաշտպանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ասելով, որ այս լույսի ներքո իրավիճակ է փոխվել և այն ենթադրյալ հիմքերն ու պայմանները վերացել են, որոնք նշում էին, թե անազատության մեջ գտնվելով նոր հանցանքներ կգործեն։

Նշենք նաև, որ Դավիթ Գյուրջյանը միջնորդություն է ներկայացրել, ըստ որի՝ միջնորդում է դատարանին դատաբժշկական փորձաքննություն նշանակել Արամ Հակոբյանի նկատմամբ՝ առողջական վիճակի պատճառով։ Այս մասին խոսելիս՝ պաշտպանը նշեց, որ Արամ Հակոբյանն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք ներառված են Կառավարության որոշման մեջ ներառված հիվանդությունների շարքում և ունի հիվանդություններ, որ հիվանդությունների զարգացվածության աստիճանը չի ճշտվել, իսկ որոշ հիվանդությունների զարգացվածության աստիճանը ճշտվել է, սակայն մեկ աստիճանով ցածր է գրվել։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը միացավ միջնորդությանը և խնդրեց դատարանին միջնորդությունները բավարարել։
Արայիկ Պապիկյանը ևս միացավ և համանման միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալներ Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի համար։

 «Մեր բոլոր պաշտպանյալները քաղաքական հետապնդման էին ենթարկվում իշխանությունների կողմից»,- ասաց պաշտպանը, դատարանից խնդրեց և պահանջեց՝ հակառակ կողմի դիրքորոշումը լսել միայն այն դեպքում, եթե վերջիններս միանում են միջնորդություններին։
Հայարփի Սարգսյանը ևս միացավ և միջնորդություն ներկայացրեց Հովհաննես Հարությունյանի համար, նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի որոշում է կայացվել, քանի որ կալանավորել են, ապա նոր կալանքի որոշում կայացրել։
Ինեսսա Պետրոսյանը ևս միջնոդեց Արամ Մանուկյանի խափանման միջոցը փոփոխել. «Մի բան պարզ է՝ այս անձինք փորձել են փրկել մեզ այս ռեժից»,- նշելով, որ 11 անդամներին պետք է անհապաղ ազատ արձակել։ Հրանտ Գևորգյանը միացավ միջնորդությանը, նշելով, որ Արամ Մանուկյանը ուսանող է եղել և այս քայլին գնացել է ի շահ բարձր նպատակների։
Արամ Մանուկյանը միացավ միջնորդությանը, նշեց, որ այս միջնորդությունը պետք է ոչ թե պաշտպանները ներկայացնեին, այլ դատախազները։
Պաշտպան Լուսինե Սահակյանը միացավ միջնորդություններին և իր պաշտպանյալների համար կրկին միջնորդեց՝ անհապաղ ազատ արձակել կամ վերացնել՝ կալանքի հիմքերի բացակայության առկայության պարագայում։
Մեղադրողներից Հակոբ Ենոքյանը ասաց, որ չեն առարկում Արամ Հակոբյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությանը։ Մեղադրողը անդրադարձավ խափանման միջոցների փոփոխման մջնորդություններին՝ նշելով, որ քրեական գործը, որը ներկայացվել է դատարան, պարունակում է մեղսավոր փաստեր։ Խափանման միջոցի հիմքերը և պայմանները շարունակում են առկա լինել։ Մեղադրող Արթուր Չախոյանը համակարծիք եղավ իր կոլեգայի հայտնած դիրքորոշմանը և առարկեց խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունների դեմ։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր»-ի 11 անդամների վերոնշյալ քրեական գործը քննվում էր դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ, սակայն մարտի 14-ին առողջական խնդիրների պատճառով Սերժ Սարգսյանի հրամանով դադարեցվել է նրա լիազորությունները։ Հետագայում գործը մակագրվել է Կենտրոն և Նորք Մարաշի դատավոր Արշակ Վարդանյանին։
Հավելենք, որ այս նիստը Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցող երկրորդ նիստն է։