Սասնա ծռերի անդամ Արմեն Բիլյանն արդեն 3 օր է գտնվում է հացադուլի մեջ

Արմեն Բիլյանն արդեն շուրջ 3 օր է գտնվում է հացադուլի մեջ և այժմ գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում։ Այս մասին այսօր լրագողներին հայտնեց Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը։ Վերջինս նշեց, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում գործում են կյանքի համար անհամատեղելի պայմաններ։ 

«Այդ քրեակատարողական հիմնարկը կյանքի նվազագույն պայմաններ անգամ ի զորու չէ ապահովել»,-ասաց նա։

Արմինե Ֆանյանի խոսքերով՝ Արմեն Բիլյանն ունի պահանջներ՝ առողջական վիճակի և առողջական հետազոտությունների հետ կապված, և հացադուլը շարունակվելու է այնքան՝ մինչև իր պահանջը չբավարարվի։

Արմինե Ֆանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն ունի գլխապտույտներ, աչքի և գլխի մեջ այրոցներ, որոնք ունեն շատ լուրջ հետազոտությունների կարիք. «Բազմիցս դիմումներ ենք հասցեագրել՝ պահանջելով բժշկական հետազոտություններ կազմակերպել արտաքրեակատարողական հիմնարկի պայմաններում, այլ ոչ թե այնտեղ, քանի որ այդ քրեակատարողական հիմնարկում բժշկական անձնակազմ, կարելի է ասել, գոյություն չունի։ Չկան պատշաճ պայմաններ՝ թե բուժօգնության, թե բուժզննության։ Այս պահին Արմեն Բիլյանը պահանջում է բժշկական հետազոտություններ անցկացնել, իսկ ես պահանջելու եմ նրա տեղափոխումը կազմակերպել»,- ասաց նա։

Պաշտպանը նա հայտնեց, որ Նուբարաշենում խցերը գերծանրաբեռնված են, և Արմեն Բիլյանի հետ նույն խցում բնակվում են 13 հոգի. «13-ն էլ ծխում են, և նրա առողջական վիճակի պայմաններում ուղղակի իր  առողջության հետ անհամատեղելի են այդ պայմանները»։

Մեկնաբանություններ