ՄԻԵԴ-ը «Մարտի 1»-ի գործով վճիռ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 10-ին հրապարակել է «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Գործը վերաբերում է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։Դիմումատուն՝ Դավիթ Մաթևոսյանը, ծնվել է 1960 թվականին, բնակվում է Երևանում։ Նա ձերբակալվել է2008 թվականի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակում հավաքը ցրելու ժամանակ։

Ոստիկանության աշխատակիցների կողմից կազմված «Դավիթ Մաթևոսյանի ձերբակալման մասին արձանագրության» համաձայն՝ Մաթևոսյանն Ազատության հրապարակից բերման է ենթարկվել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժին 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ժամը 8.50-ին՝ ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ոստիկանության աշխատակիցները ոստիկանության բաժանմունքի պետին գրավոր հայտնել են, որ Դավիթ Մաթևոսյանը «բերման է ենթարկվել» դիմադրություն ցույց տալու, իրենց հրելու և օրինական հրամաններին չենթարկվելու համար: Մաթևոսյանը հարցաքննվել է, սակայն, հերքել է ոստիկանության աշխատակիցների՝ դիմադրություն և անհնազանդություն ցույց տալու բոլոր մեղադրանքները:

Երկու ոստիկանների ցուցմունքների արդյունքում Մաթևոսյանը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, ինչից հետո դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մաթևոսյանը բողոքել է իր գործով դատավարության արդարացիության մասին և նշել է, որ խախտվել է իր՝ գործով վկաների և իրեն ձերբակալելու պահին նրա հետ եղած անձանց լսելու իրավունքը, ովքեր կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի պնդումը։

ՄԻԵԴ-ը, անդրադարձել է հետևյալ հարցերի շրջանակին․

  • երաշխավորվե՞լ է, արդյոք, Դիմումատուի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը,
  • Դիմումատուի նկատմամբ մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են, արդյոք, միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին,
  • Դիմումատուի հետապնդումը և դատապարտումը չի՞ եղել, արդյոք, խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա։

Սույն գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Դավիթ Մաթևոսյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում և 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում։ ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ Հայաստանը պետք է երեք ամիսների ընթացքում Դիմումատուին վճարի 13․200 եվրո գումարի չափով փոխհատուցում՝ ոչ նյութական (բարոյական) վնասի համար։