Կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Հ. Մամիկոնյանը հանդիպել է հիշյալ բաժնի համապատասխան պաշտոնատար անձին`  Շ. Մակոյանի կողմից իրեն փոխանցած 160.000 ՀՀ դրամ կաշառքը նրան տալու նպատակով:

Այնուհետև Շ. Մակոյանը նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի մոտ հանձնել է գործնական քննություն: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի կատարել հարցաշարում ընդգրկված առաջադրանքները, քննությունն ընդունող տեսուչի կողմից քննությունը գնահատվել է դրական, և Շ. Մակոյանին տրամադրվել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ