Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Լևոն Ալիխանյանը, բնակվում է ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում։ Դիմումատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և հացաբուլկեղենի արտադրությամբ։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանել է գյուղատնտեսական նշանակության 8 հողատարածքներ, որոնց օգտագործումը Դիմումատուի համար հիմնական ապրուստի միջոց է հանդիսացել։ Դիմումատուն բողոք է ներկայացրել ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 15-ին։

1970-ական թվականներին Հայաստանի Թեղուտ և Շնող գյուղերից համապատասխանաբար մոտ 4 և 6 կմ հեռավորության վրա պղնձամոլիբդենի պաշարներ են հայտնաբերվել: 2001 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն 25 տարով տվյալ հանքի շահագործման արտոնագիր է ստացել: 2007 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումը։ Որոշման համաձայն՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքները համարվել են սեփականազրկված գոտիներ, և նախատեսվել է դրանք օգտագործել պետության կարիքների համար։ Որոշման համաձայն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն պատրաստվել է գնել բռնակցման ենթակա ցանկում ներառված հողատարածքները, ներառյալ՝ Դիմումատու Ալիխանյանին պատկանող 8 հողատարածքները։

Այսպիսով, «Թեղուտ» ՓԲԸ-ն Դիմումատու Ալիխանյանին առաջարկել է 3.439.650 դրամով գնել նրան պատկանող 8 հողակտորները: Սակայն Ալիխանյանը հրաժարվել է իրեն առաջարկվող չափազանց ցածր գումարից՝ փորձելով հողի իրական արժեքի գնահատման համար այլ մասնագետների դիմել: Այնուամենայնիվ, Դիմումատուին այդպես էլ չի հաջողվել գույքի շուկայական արժեքի գնահատում իրականացնել:

2008 թվականին ընկերությունը Դիմումատուի դեմ հայց է ներկայացրել Դատարան՝ Դիմումատուին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմանը պարտադրելու և նրան պատկանող հողատարածքները պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով։ 2008 թվականի նոյեմբերի 7-ին Լոռու մարզի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայացրած հայցը և Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող 8 հողատարածքների համար փոխհատուցում է հատկացրել հետևյալ գումարների չափով` 223.100 դրամ (մոտ 485 եվրո), 524.400 դրամ (մոտ 1.140 եվրո), 502.550 դրամ (մոտ 1.093 եվրո), 638.250 դրամ (մոտ 1.388 եվրո) 394.450 (մոտ 858 եվրո), 489.900 դրամ (մոտ 1.065 եվրո), 491.050 դրամ (մոտ 1068 եվրո) և 308.200 դրամ (մոտ 670 եվրո)։

2009 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։ Դիմումատուն բողոքել է սույն գործով դատավարության արդարացիության և սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքի իրական շուկայական արժեքը որոշելու համար նախատեսված փորձաքննության բացակայության մասին։  Սակայն, Դիմումատուի ներկայացրած բողոքը մերժվել է։ Նույն թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, սակայն Դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը՝ հիմնավոր փաստարկների բացակայության հիմքով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է իրեն պատկանող 8 հողատարածքների արժեքը սխալ գնահատելու և դրանց նկատմամբ սեփականության իրավունքից  իրեն զրկելու որոշման մասին: Դիմումատուն 371.954 եվրո գումարի չափով նյութական վնասի փոխհատուցում է պահանջել, սակայն ՀՀ կառավարության համոզմամբ՝ գումարը չափազանցված է: Բացի այդ, Դիմումատուն 9.800 եվրո է պահանջել՝ դատական ծախսերի համար:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 17.200 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։