Միջազգային դատարանը սկսել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած 2-րդ հայցի քննությունը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է  Իրանի Կենտրոնական բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը: Գործի շրջանակներում Իրանը նաև հայց է ներկայացրել՝ արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցելու պահանջի մասին:

Իրանը բողոք է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ հիմք ընդունելով 1955 թվականին Իրանի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանագրի 11-րդ հոդվածի 2-րդ կետը, որի դրույթների համաձայն՝ երկու պետությունները հանդիսանում են Պայմանագրի կողմեր։ Վերոգրյալ հոդվածը սահմանում է, որ «Բարձր Պայմանավորվող Կողմերի միջև սույն Պայմանագրի պարզաբանության կամ կիրառման վերաբերյալ առաջացած յուրաքանչյուր վեճ, որը չի կարող բավարար կերպով կարգավորվել դիվանագիտությամբ, պետք է ներկայացվի Արդարադատության միջազգային դատարան, եթե Բարձր Պայմանավորվող Կողմերը չեն կարող համաձայնության գալ՝ իրենց միջև առկա տարաձայնությունների կարգավորման այլ խաղաղ միջոցների շուրջ»։ ԱՄՆ-ն առարկել է, որ Իրանի ներկայացրած հայցի քննությունը դուրս է ՄԱԿ-ի դատարանի իրավասության շրջանակներից։ ԱՄՆ ներկայացուցիչները հայտարարել են, որ Իրանը ներգրավված է ահաբեկչության ֆինանսավորման և մի շարք այլ ապօրինի գործողությունների մեջ։ Ուստի, ԱՄՆ-ի համոզմամբ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և իրանական ակտիվների սառեցումն ուղղված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության և կայունության պաշտպանությանը:

Այնուամենայնիվ, Հաագայի Միջազգային դատարանը մերժել է ԱՄՆ-ի ներկայացրած առարկությունը և հայտարարել է, որ միջազգային դատական ատյանները սկսել են Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով դատական լսումները կշարունակվեն մի քանի օր։ Միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի շուրջ մեկ ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է Իրանի ներկայացրած բողոքը՝ 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին և ԱՄՆ-ի զոհված զինծառայողների ընտանիքներին Իրանի սառեցված ակտիվներից 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցում վճարելու Դատարանի կայացրած որոշման դեմ։ ԱՄՆ իշխանությունների խոսքերով՝ Բեյրութում խաղաղապահների զորանոցների վրա ահաբեկչական հարձակումը և պայթյուններն իրականացրել են լիբանանյան «Հեզբոլահ» շարժման զինյալները՝ իրանցի պաշտոնյաների աջակցությամբ: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել Է նախորդ ատյանի դատարանի կայացրած վճիռը և որոշել է, որ փոխհատուցման համար սահմանված գումարը պետք է վճարվի ԱՄՆ-ին Իրանի Կենտրոնական բանկի հաշվից: