Եվրամիության օրենսդիրները այսօրվա քվեարկությամբ գերմանացի պահպանողական Ուրսուլա ֆոն դեր Լայենին հաստատեցին Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Վերջնական հաստատման համար անհրաժեշտ էր Եվրախորհրդարանի պատգամավորների պարզ մեծամասնության կողմ քվեն: Կողմ քվեարկեցին 461 պատգամավորներ, դեմ՝ 157-ը:
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 1-ին: Նա առաջին կին է այդ պաշտոնում:
2014 թվականին Եվրոպական հանձնաժողովի նախագահ ընտրված Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերի լիազորությունների ժամկետն սպառվել է հոկտեմբերի 31-ին:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2005 թվականից է աշխատել կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունում՝ նախ որպես Ընտանիքի և երիտասարդության, ապա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ 2013-ից մինչև վերջերս գլխավորել է Գերմանիայի պաշտպանության նախարարությունը:
Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջին կինն էր այդ պաշտոնում: Եվ վաղը՝ որպես առաջին կին, ստանձնելու է Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Նա հենց Բրյուսելում է ծնվել, 1958 թվականին, հայրը՝ Էռնստ Ալբրեխտը, գերմանացի պետական գործիչ էր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից և ինտեգրման ուղին ընտրած Եվրոպայի առաջին կառույցների քաղաքացիական ծառայողներից էր: Նա աշխատանքի բերումով է բնակվել Բրյուսելում, որտեղ էլ ծնվել է դուստրը:
Մայրենի գերմաներենին հավասար Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոսում է ֆրանսերեն և անգլերեն: Այդ երրորդ լեզուն նա կատարյալ սովորել է նախ ուսման նպատակով բնակվելով Լոնդոնում, իսկ հետո էլ՝ ապրելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, որտեղ Սթենֆորդում պայմանագրով 4 տարի աշխատել է բժիշկ ամուսինը՝ Հեյկո ֆոն դեր Լայենը: Տեր և տիկին ֆոն դեր Լայեններն ունեն յոթ երեխա:
Հայտնի է, որ եվրոպացի չինովնիկները՝ Եվրախորհրդարանի պատգամավորները, Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները, հանձնակատարները, նրանց տեղակալները և ամբողջ այդ վերնախավը, շատ բարձր աշխատավարձ են ստանում, ապահովված են շքեղ բնակարաններով, բարձր օրապահիկով, տրանսպորտով:
Եվրոպական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը 28 հազար եվրո է, նրան տրվում է նաև 4 հազար 185 եվրո բնակարան վարձելու համար, և առայժմ հայտնի չէ, թե ինչ կորոշի Ուրսուլա ֆոն դեր Լայենն այդ գումարի վերաբերյալ: Համենայն դեպս, նա ասել է, որ Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովին տրված «Բերլեմոն» անվամբ շենքի 13-րդ հարկում 25 քառակուսի մետրանոց սենյակ է ընտրել: Ուրսուլա ֆոն դեր Լայենի փոխանցմամբ, նախ դա թույլ կտա միջոցներ խնայել, բացի այդ, շենքի անվտանգությունն արդեն ապահովված է, ուստի պետք չի լինի առանձնատուն գտնել Բրյուսելում և լուծել դրա անվտանգության հարցը: Եվս մի շատ կարևոր գործոն՝ մեքենաներով գերբեռնված Բրյուսելում տրանսպորտի խնդիր չի լինի, դուրս ես գալիս բնակարանից ու ոտքով կես րոպեում հասնում գրասենյակ, որը նույն շենքում է: