Մեհմեթ Գյունայը և Գյուլլու Գյունայն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուները՝ Մեհմեթ Գյունայը և Գյուլլու Գյունայը, ազգությամբ թուրք են։ Երկու Դիմումատուները ծնվել են 1969 թվականին և բնակվում են Թուրքիայի Բարթըն քաղաքում։ Դիմումատուների 6-ամյա դուստրը՝ Նիլայ Գյունայը, մահացել է հիվանդանոցում տոնզիլեկտոմիա կատարելուց 10 օր անց՝ ներուղեղային արյունազեղման պատճառով։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ բժիշկների անփութության պատճառով իրենց դստեր մահվան դեպքի հետաքննությանը։

2000 թվականին Դիմումատուները բողոք են ներկայացրել Թուրքիայի Առողջապահության նախարարություն՝ իրենց դստեր մահվան դեպքի առթիվ հետաքննություն սկսելու պահանջով։ Այնուհետև, Դիմումատուները բողոք են ներկայացրել Դատարան՝ երեխային վիրահատող բժիշկի և հերթապահ բժիշկի դեմ քրեական գործ հարուցելու և նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։ 2001 թվականին Դիմումատուները հայց են ներկայացրել Թուրքիայի Վարչական դատարան՝ երեխայի մահվան հետևանքով իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։ Հաշվի առնելով բժշկական փորձաքննության եզրակացությունները՝ Վարչական դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած հայցը։

Հետագայում, Դիմումատուները կրկին բողոք են ներկայացրել Դատարան՝ իրենց դստեր մահվան դեպքի առթիվ գործ հարուցելու և հետաքննություն իրականացնելու պահանջով, սակայն, ապարդյուն։ Նրանք բողոքել են, որ իրենց աղջկա մահվան պատճառ է հանդիսացել բժիշկների անփութությունը և անզգուշությունը։ Այնուամենայնիվ, Դիմումատուների ներկայացրած բոլոր բողոքները մերժվել են։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում, 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում և 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են իրենց դստեր մահվան դեպքի առթիվ գործ հարուցելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրենց ներկայացրած բողոքները մերժելու որոշման արդարացիության մասին։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց գործով դատավարության երկար ժամկետի մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար երկու Դիմումատուներին միասին վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։