Կրավչուկն ընդդեմ Ռուսաստանի

Դիմումատուն՝ Լեոնիդ Կրավչուկը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1961 թվականին, բնակվում է քաղաք Սոչիում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի համար իրեն պատկանող հողատարածքի յուրացմանը:

2014 թվականին Սոչիում նախատեսվող Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպման համար 2011 թվականին իշխանությունները որոշել են յուրացնել Կրավչուկին սեփականության իրավունքով պատկանող 608 քմ մակերեսով հողատարածքը: Հողատարածքի դիմաց փոխհատուցման գումարի չափը որոշելու համար իշխանություններն անշարժ գույքի գնահատում են իրականացրել։ Հաշվետվության համաձայն, հողի արժեքը կազմել է 5,726,752 ռուսական ռուբլի (մոտ 143,168 եվրո): Կրավչուկը չի համաձայնել այդ գումարը վերցնել որպես փոխհատուցում և խնդրել է իշխանություններին ավելացնել գումարի չափը: Նա իր հողատարածքի գնահատումը հանձնարարել է մեկ այլ ընկերության, որի կազմած հաշվետվության համաձայն, հողի շուկայական արժեքը կազմել է 7,877,300 ռուբլի (մոտ 195.800 եվրո): Քանի որ Կրավչուկը հրաժարվել է իրեն առաջարկված նախնական գումարից, իշխանությունները հողի յուրացման գործընթաց են սկսել։ 

2011 թվականի հուլիսի 13-ին Ադլեր շրջանի դատարանը Կրավչուկին սեփականության իրավունքով պատկանող հողամասի յուրացման մասին որոշում է կայացրել՝ իշխանությունների կողմից առաջարկված գումարի դիմաց: Կրավչուկը բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, որոշումը մնացել է անփոփոխ։ 

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ իրեն վճարված փոխհատուցման գումարը շատ ավելի ցածր է, քան իր հողատարածքի իրական արժեքը: 

Պատասխանող Պետության ներկայացուցիչը հայտնել է, որ Դիմումատուի հողատարածքի գնահատումը, յուրացումը և փոխհատուցման տրամադրումն իրականացվել է օրենքին համապատասխան։ Իր դիրքորոշման մեջ ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատուն բողոքել է միայն իրեն պատկանող հողատարածքի շուկայական արժեքի սխալ գնահատման և փոխհատուցման գումարի չափի մասին։ ՄԻԵԴ-ը պարզել է, որ Ռուսաստանի ներպետական դատական ատյանները անշարժ գույքի կադաստրային վերագնահատում չեն իրականցրել և սահմանափակել են Դիմումատուի՝ հողատարածքի օտարման դիմաց փոխհատուցման չափի վիճարկման իրավունքը։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Կրավչուկի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար վճարել 3․500 եվրո և 585 եվրո՝ դատական ծախսերի համար։