Քննարկման է դրվել ՀՀ ՊՆ արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու մասին նախագիծը

Այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը:

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության և ՀՀ առողջապահության նախարարությունների կողմից

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն քաղաքացիների բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումից ստացված միջոցների մուտքագրման և տնօրինման, ռազմաբժշկական հաստատություններում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ:

Նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններից ստացված (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) միջոցների մուտքագրման կարգը և ծախսման ուղղությունները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պատվերի տեղադրման և դրա կատարողականի վերաբերյալ դրույթներ՝ ի դեմս ՀՀ առողջապահության և ՀՀ պաշտպանության նախարարների համատեղ հրամանի և վարչական ակտի, հաշվի առնելով ՀՀ կառավարության 18.01.2002թ. N 48 որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետի պահանջները:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վճարովի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը:

Նախագծին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ e-draft.am կայքում:

Մեկնաբանություններ