Տեղի է ունեցել գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ի հերթական նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի խումբ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով, որը հեղինակել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, առաջարկվում է վերացնել օրենքում առկա հակասությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է հանրային ծառայությունների համարանիշի պարտադիր կիրառումը չտարածել համայնքի բյուջե վճարվող հարկերի, տուրքերի եւ պարտադիր վճարների վրա:

Երրորդ՝ «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարի տեղեկացմամբ՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կարգավորել գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման եւ դրա նկատմամբ վերահսկողության հետ կապված իրավահարաբերությունները, որոնք իրականացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական, սակայն արդեն լուծարված տեսչության միջոցով:

Մեկնաբանություններ