«Բոլոր տեղերում էլ կան նախադրյալներ այլընտրանքային վեճերի լուծումը զարգացնելու համար». Արամ Օրբելյան

Ես հեռու եմ այն մտքից, որ մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ Հայաստանում արբիտրները չեն հերիքելու, և մի օր մենք ունենալու ենք արբիտրաժների հեղեղ, բոլորը գնալու են միայն արբիտրաժ։ Միևնույն է, ազգային պետական դատարանները լինելու են  վեճերի լուծման հիմնական մեխանիզմը․․․։

ՀՀ-ում արբիտրաժային ինստիտուտը զարգացնելու միտումների մասին Արբիտրների միության նախագահ Արամ Օրբելյանի հետ հարցազրույցում:

-Պարոն Օրբելյան կցանկանայի նախ ներկայացնեիք, թե ի՞նչ է արբիտրների միությունը և ի՞նչ նպատակով է ստեղծվել։

– Արբիտրաժի զարգացումը, բավականին վաղուց, գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: Այն, ըստ էության, վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներից մեկն է` մասնավոր դատարանի միջոցով, երբ կողմերը ցանականում են վեճերին տալ լուծումներ: Շատ երկար ժամանակ ինչ-որ քանակի վեճեր միշտ լուծվել են արբիտրաժի միջոցով, բայց քանակը բավականին ցածր է մնացել:

Կար միտք՝ ինչպես զարգացնել արբիտրաժը։ Եվ այդ ուղղությամբ սկսեցինք  արբիտրաժով հետաքրքրվող մարդկանց հետ միասին  քննարկել, թե ինչ կարելի է անել, որպեսզի այն զարգանա  և ավելի ընկալելի լինի: Անցած տարի  Եվրոպայի խորհրդի աջակցությամբ ծրագրի շրջանակներում առաջին անգամ ունեցանք «Արբիտրաժի օրեր Հայաստանում» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին տեղի և միջազգային արբիտրաժով զբաղվող անձինք: Կոնֆերանսի ժամանակ առաջացած հարցերից մեկն այն էր, որ ստեղծվի  ինչ-որ մի միություն, մի կառույց, որը կկարողանա  զբաղվել հենց արբիտրաժի առաջխաղացմամբ` բացառելով շահերի բախումը, լոբիզմի ոչ էթիկական էլեմենտները  և կփորձի հենց արբիտրաժի զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Այդ մի շարք հանդիպումների, քննարկումների  արդյունքում՝ այս տարի վերջապես ունեցանք հիմնադիր ժողով, որի ժամանակ էլ հիմնադրվեց Արբիտրների միությունը:

-Ովքե՞ր կարող են անդմակցել  Արբիտրների միությանը։

−Ըստ էության, անդամակցել կարող է ցանկացած անձ, որը, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի համաձայն, կարող է լինել արբիտր: Համապատասխանաբար, ցանկացած գործունակ քաղաքացի, որը հասել է 25 տարեկանի և ունի որևէ բարձրագույն կրթություն: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ խոսքը չի գնում իրավաբանական կրթության մասին, ցանկացած բարձրագույն կրթություն ունեցող  և 25 տարեկանը լրացած անձ կարող է դիմել և անդամակցել:

-Իսկ միությունն ի՞նչ պարտականություններ է դնում իր անդամների առաջ։

-Միությունը դեռևս 1 ամիս է, ինչ գործում է, և շատ փաստաթղթեր այժմ գտնվում են  մշակման փուլում: Ըստ էության, պարտականությունները  կնմանվեն  գործող ինքնակարգավորվող  կառույցներին, օրինակ՝ Փաստաբանների պալատ, Նոտարական պալատ, Մեդիատրնրի միություն և այլն: Համապատասխանաբար, կլինեն մի շարք պարտականություններ, որոնք արտացոլված կլինեն էթիկայի կանոնագրքում: Կլինեն որոշակի համապատասխան վերապատաստումներ կամ համարժեք փոխարինող գործընթացներ: Այս պահին անդամավճար, որպես այդպիսին, սահմանված չէ, բայց  չի բացառվում, որ ինչ-որ մի ժամանակ որոշակի անդամավճար նույնպես կսահմանվի: Որևէ հավելյալ պահանջ, արտառոց բաներ չկան։ Ի տարբերություն մի շարք այլ մարմինների` արբիտրի կարգավիճակը չլիցենզավորվող, արտոնագիր չունեցող կամ որևէ հատուկ կարգավիճակ չենթադրող մարմին է, և արբիտրների միության անդամակցումը որևէ նախապայման չէ արբիտր հանդես գալու համար: Ուղղակի Արբիտրների միության անդամ լինելը հնարավորություն կտա ունենալ որոշակի որակի երաշխիք կամ վարկանիշ, որպեսզի մարդիկ իմանան, որ այս մարդն անցել է մինիմալ քանակի դասընթացներ, վերապատրաստումներ, ենթարկվում է որևէ էթիկայի կանոնագրքի, և ինչ-որ խախտումների դեպքում համապատասխան կարգապահական գործընթաց կլինի:

-Արդո՞ք  մեր երկրում կան նախադրյալներ արբիտրաժի ինստիտուտը զարգացնելու համար։

Իմ խորին համոզմամբ բոլոր տեղերում էլ կան նախադրյալներ այլընտրանքային վեճերի լուծումը զարգացնելու համար։ Ուղղակի շատ կարևոր է, որպեսզի հարցադրումները շատ հստակ ու ճիշտ լինեն: Հիմնական խնդիրը, որը դրված է միության առաջ, այն է, որ պետք է փորձենք զարգացնել այն վեճերի գիտելիքը, որոնք շատ ավելի հարմար են լուծվում արբիտրաժի միջոցով: Դրանք համապատասխանաբար այն վեճերն են, որոնք բավականին  բարդ և խառը գործեր են, հատկապես, եթե խոսքը գնում է միջազգային կամ օտարերկրյա իրավունքի կամ իրավական ինչ-որ գործիքների օգտագործման մասին: Երբ խոսքը գնում է ներպետական վեճերի մասին, շատ ավելի հեշտ կլինի այդ խնդիրը լուծել աբրիտրաժի միջոցով: Երկրորդ խումբը, որը նույնպես ավելի հարմար է լուծել արբիտրաժի միջոցով, այն է, երբ մենք ունենք որևէ օտարերկրյա տարր: Ցանկացած ազգային դատարանում  վեճը լուծելու դեպքում  խնդիր է առաջանալու մյուս երկրում այդ վճիռը կատարելու համար, իսկ արբիտրաժի դեպքում՝ Նյույորքյան կոնվենցիայի հիման վրա, կկարողանանք դա կիրառել: Երրորդ խումբը` տոհմական թշնամանքի էլեմենտ ունեցող  դեպքերն են, երբ կամաց-կամաց փոփոխություն է տեղի ունենում,  և մարդիկ որոշ դեպքերում դիմում են դատարան կամ համապատասխան իրավական կարգավորման մոդելի և ինչ-որ լուծում են գտնում: Այստեղ էլ գալիս է արբիտրաժը, երբ կա վեճ, բայց վեճը, ամեն դեպքում, թշնամանքի մակարդակի չէ, և կողմերը որոշում են այն լուծել: Ոչ ստանդարտ գործերով, կարծում եմ, որ բավականին մեծ աճ կարող ենք գրանցել, հատկապես, եթե մենք փորձենք այս կենտրոնով զարգացնել ինչ-որ ոլորտային հարցերի  գիտելիքներ: Այս պահին  ինտերնետային հանրության հետ քննարկում ենք  դոմեյնային անունների վեճերի` արբիտրաժի  միջոցով հնարավոր լուծումների մասին: Մեկ այլ ոլորտ, որտեղ  արբիտրաժը զարգացել է` ֆինանսական համակարգն է: Մի շարք դեպքեր կան, որտեղ, կարծում եմ, արբիտրաժը բավականին արդյունավետ կարող է լինել: Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ հանրությունը լավ տեղեկացված չէ:

-Կխոսե՞ք արբիտրաժային ինստիտուտի առավելությունների մասին։ Ինչո՞ւ մարդիկ դատարանների փոխարեն պետք է դիմեն հենց այս ինստիտուտին։

-Որոշ գործեր կան, որ ավելի հարմար է, որպեսզի դիմեն դատարան: Այնպես չէ, որ միշտ  բոլոր գործերով պետք  է դիմել արբիտրաժ։ Պարզապես կան գործեր, երբ արբիտրաժին դիմելն ավելի հարմար է։ Դա ամբողջությամբ կախված է վեճի էությունից: Եթե մենք վերցնենք բարդ վեճեր, խոսքը գնում է ծավալուն, տարբեր էլեմենտներով, միգուցե փորձագետների մասնակցությամբ, արբիտրաժը ավելի հարմար է ստացվում շատ պարզ պատճառով, քանի որ դատարանները ամբողջ աշխարհում միշտ ծանրաբեռնված են լինում: Չկա մի երկիր, որտեղ դատարանները անգործ կլինեն, եթե նման բան տեղի ունենա, դա կնշանակի, որ այդ երկրում կամ մարդիկ ընդհանրապես չեն վստահում դատարաններին, կամ պետությունը այնքան շատ դատավոր է նշանակել, որ այդ դատավորները անգործ են նստում, ինչը քիչ հավանական է: Հետևաբար, երբ  մենք նշանակում ենք արբիտր, նա կարողանում է այդ բավականին ծավալուն գործը շատ արագ լուծել` ստանալով դրա դիմաց բավականին մեծ գումար: Այս դեպքում մենք իմանում ենք, որ մեր արբիտրաժային գործը կանխատեսելի ժամկետում, որոշակիորեն մասնագիտացված դատարանի կողմից լուծվում է: Առավելություններից մեկը մասնագիտացնումն է, իսկ երկրորդը ժամկետն է, քանի որ մենք կարողանում ենք շատ ծավալուն վեճը լուծել շատ արագ:

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում մարդկանց տեղեկացնելու և դեպի այս  ոլորտը գրավելու ուղղությամբ։

Քանի որ դեռ նոր ենք գրանցվել և մոտակա մի քանի շաբաթում կունենանք, ըստ էության, մասնակիցների նիստ, որի ժամանակ պետք է քննարկենք՝ ինչ անել զարգացնելու ուղղությամբ: Որոշակի մտքեր կան, խորհրդի անդամներն ունեն բազմաթիվ մտքեր, որոնց մի մասը մարքեթինգային են` հաղորդումներ, բուկլետներ, մի մասն ավելի շարունակական են` դասընթացներ, թրեյնինգներ, վերապատրաստումներ, աշխատանք դատարանների, փաստաբանների, պետական պաշտոնյաների հետ, իսկ մի մասն էլ օրենսդրական են լինելու։ Պետք է որոշենք այն օրենսդրական փոփոխությունները, որոնք, մեր կարծիքով, անհրաժեշտ են, համապատսախան առաջարկներով հանդես գանք  և քննարկենք արդարադատության նախարարության, կառավարության  հետ և, իհարկե, կամավոր սերտիֆիկացում, կամավոր դասընթացներ, կամավոր որակի ստուգում, էթիկայի  կանոնագիրք: Սրանք այնպիսի քայլեր են, որոնք  պետք է ուղղված լինեն համապատասխան վստահության ավելացմանը: Ենթադրվում են մի քանի գործողություններ, որ պետք է աշխատենք ուսանողների հետ և գործող իրավաբանների հետ, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն: Այս պահին դեռևս չունենք վերջնական աշխատանքային ծրագիր, բայց ամեն դեպքում պետք է փորձենք հնարավորինս պարզ լեզվով տեղեկատվություն տալ մարդկանց, որը հնարավորություն կտա նրանց հասկանալ, գնահատել, ընկալել, թե ինչ է արբիտրաժը:

-Իսկ ներկա պահին միությանը դիմող մարկանց թիվը մե՞ծ է։

-Ես հեռու եմ այն մտքից, որ մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ Հայաստանում արբիտրները չեն հերիքելու, և մի օր մենք ունենալու ենք արբիտրաժների հեղեղ, բոլորը գնալու են միայն արբիտրաժ։ Միևնույն է, ազգային պետական դատարանները լինելու են  վեճերի լուծման հիմնական մեխանիզմը, ու չի լինի այնպես, որ արբիտրաժը դառնա հիմնական, իսկ դատարանը՝  այլընտրանքային: Մյուս կողմից, եթե անձինք շատ գիտակցված մոտենան՝ որտեղ կիրառել մեդիացիա, որտեղ կիրառել արբիտրաժ, որ դեպքում, որն է ավելի արդյունավետ, և սկսեն գնահատել ժամանակը, քանի որ, ըստ էության, արբիտրաժը կարճաժամկետ է և տուրքերի առումով գուցե ավելի էժան լինի, կկարողանան վեճը շատ ավելի արագ լուծել և բերել հստակության: Այս պահին մենք ունենք որոշակի քանակի գործեր, նաև միջազգային արբիտրաժային ատյաններում:

Հարցազրույցը՝ Ելենա Արամյանի