Բերդ քաղաքում 6-րդ անգամ անցկացվեց «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն»-ը

Տավուշի մարզի Բերդ քաղաքում օգոստոսի 12-13-ին արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվում էր «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոն»-ը՝ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության  պետական կոմիտեի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ:

Սորան ազգային պարկում փառատոնի մեկնարկը տվեց «Հայաստանի պետական ջազ նվագախումբ»-ը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, «Ջազը սահմանին» խորագիրը կրող համերգով: Հնչեցին հայտնի ջազային ստեղծագործություններ և հայ հեղինակների հին-նոր երգեր՝ ջազային մշակմամբ:

«Երկար էինք սպասել փառատոնին, բայց ջազին ես ավելի շատ էի սպասել, քանի որ Բերդում նման համերգներ և հանդիպումներ, ցավոք,  շատ քիչ են լինում »,- ժպտալով նշում է Բերդի բնակչուհի Աննան:

Փառատոնին եկել էին Շամշադին շրջանի և հարակից գյուղերի բնակիչներ, Երևանից հատուկ փառատոնի համար Տավուշ եկած այցելուներ և զբոսաշրջիկներ:

«Բազմաթիվ դժվարություններ կան փառատոնի հետ կապված. սկսած հեռավորությունը մայրաքաղաքից մինչև Բերդ քաղաքում ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող հյուրանոցներն ու հյուրատները: Սահմանամերձ տարածաշրջանը ևս վախեցնում է մարդկանց, բայց սրանք չնչին բան են, համեմատած այն տպավորությունների և սիրո հետ, որ ստանում են փառատոնն այցելով մարդիկ: Փառատոնը միտում ունի խթանելու զբոսաշրջային այցը Շամշադին, քանի որ տարեցտարի ավելի հմտանալով և զարգացնելով փառատոնը, փորձում ենք բովանդակային զարգացումներ ու նորամուծություններ առաջ բերել: Տարեցտարի փառատոնի մասնակիցները սկսում են ավելի գեղեցիկ ներկայանալ այցելուներին. զարդարում են տաղավարները, պատրաստում փոքրիկ նվերներ և ներկայացնում իրենց շրջանի յուրահատկությունը»,- մեզ հետ զրույցի ժամանակ նշեց «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանը:

Տաղավարների թիվն անցնում էր 50-ից, յուրաքանչյուրն առաձնանում էր իրեն բնորոշ առանձնահատկությամբ. մեղր, հատապտուղներ, ձեռագործ իրեր, գինիներ, գաթաներ, փայտյա իրեր, տավուշյան սարերի թեյեր, խոտաբույսեր և այլն:

Գրեթե բոլոր մասնակիցները նշում էին, որ զբոսաշրջիկների հոսքը պակասել է, համեմատած նախորդ տարիների:

«Առաջին փառատոնից սկսած մասնակցել ու իմ պատրաստած մեղրն եմ ներկայացրել փառատոնին: Վաճառք կա, չեմ բողոքում, բայց ավելի շատ հայերն են առնում, տուրիսներ քիչ կան: 3 տարի առաջ հյուրերի կեսը տուրիստներ էին, գալիս էին, ներկայացնում էինք մեր մեղրը, հետո տանում քաղաքին էինք ծանոթանցոնւմ, իրանք էլ մեզնից գոհ-գոհ գնում էին, բայց հիմա չկան»,- իր մտահոգությունը ներկայացրեց Հովիկ պապը: Մեր այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված զբոսաշրջիկների պակասումը, Հովիկ պապը պատասխանեց. «Երևի իրանց համար հարմար հյուրանոց չունենք»:

Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը կիսում էր համաքաղաքացու կարծիքը  և տեսնում լուծման տարբերակներ․ «Զբոսաշրջիկները պետք է գան, նոր հյուրանոցներն ու հյուրատները վերանորոգենք: Մենք գտնվում ենք ծայրամասում և ֆինանսական ներդրողների համար այդքան էլ շահավետ չէ այստեղ ներդրում կատարել, բայց համոզված եմ, որ տարիների ընթացքում և՛ հնարավորություն կլինի կառուցելու նոր հյուրանոցներ, և՛ բարելավվելու այժմյանների վիճակը: Ակնկալում եմ, որ ամեն փառատոնից հետո, Բերդը ինչ-որ բանով կավելանա»:

Կրասնոդարից Երևան ժամանած 27-ամյա Իգորն առաջին անգամ էր լինում Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ հիացած է փառատոնով:

«Եկել էի Երևան ընկերներիս հրավերով, որոնք էլ առաջարկեցին նման փառատոնի մասնակցել, միանգամից համաձայնեցի, քանի որ մեզ մոտ նման փառատոն չկա: Սպասելիքներս գերազանցեցին, ամեն ինչ շատ համեղ էր, ինձ ամեն տեղ հյուրասիրում էին»,- ծիծաղելով պատմում էր Իգորը:

Մեծ ոգևորությամբ էին ուրախանում նաև տեղի բնակիչները: Ծնունդով շամշադինից Հասմիկը, չնայած, որ այժմ աշխատում է Երևանում, նշեց, որ ամեն տարի անպայման մասնակցում է փառատոնին․ «Փառատոնը շատ նպատակահարմար է, որպեսզի շամշադինյան համեղ մեղրը տարածվի, զբոսաշրջիկներն ավելի շատ այցելեն Շամշադին, որն էլ իր հերթին կնպաստի քաղաքի ֆինանսական բարելավմանը»:

Մեղրի և հատապտուղների փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև Խաղողօրհնեքի արարողությունը: Բերդ քաղաքի քահանա տեր Արամը օրհնեց խաղողը, որից հետո երիտասարդները այն բաժանեցին ներկաներին: Արդեն 5-րդ անգամ Խաղողօրհնեքը համընկնում է փառատոնի հետ:

 

«Խաղողօրհնեքը փառատոնի գեղեցիկ ավանդույթներից մեկն է դարձել»,- նշում է տեր Արամը:

Խաղողօրհներքին հաջորդեցին ազգագրական երգն ու պարը: Այս տարվա փառատոնի նորամուծություններից էր մեղրով տորթի մրցույթը, որի հաղթողները փառատոնի ավարտին ստացան նվերներ:

Համերգային ծրագրով փառատոնն ավարտին մոտեցավ, որը խոստանում էր մյուս տարի էլ ավելի կատարելագործվել, ներկայացնել նորամուծություններ և սիրով սպասել իր հյուրերին:

Նյութը և լուսանկարները՝ Ռոզա Վարդանյանի