Վերջերս հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել վարչական վարույթում էլեկտրոնային հաղորդման ինստիտուտի ներդրման հանգամանքը։ Հաշվի առնելով առօրյայում հանդիպող ավտոտրանսպորտային պատահարների ահռելի քանակը՝ պետք է նկատել, որ նման ինստիտուտի ներդրումը կարելի է համարել անհրաժեշտ և արդիական։
Ըստ վիճակագրական տվյալների՝ 2008թ.-ից սկսած Հայաստանի Հանրապետությունում զոհերով և վիրավորներով ՃՏՊ-ների թվաքանակը ամեն տարի պակասել է և հասել իր ամենացածր շեմին՝ 2016թ.՝ 267 զոհ: Սակայն դրան հաջորդող տարիներին կրկին աճման տեմպ է գրանցվել՝ 2017թ.՝ 279 զոհ, 2018թ.՝ 343 զոհ, իսկ 2019թ. առաջին հինգ ամիսների տվյալներով նախորդ 2018թ. նույն ժամանակահատվածի համար 8-ով ավելացել են մահվան դեպքերը: Ավելացել են նաև ընդհանուր ՃՏՊ-ների ու վիրավորների թիվը: Պետք է նկատել, եթե ներկայում ճանապարհային ոստիկանը անհնար է արձանագրի յուրաքանչյուր վարչական իրավախախտում, ապա այժմ ստեղծվում է համապատասխան գործիքակազմ, ինչը հնարավորություն կտա ցանկացած անձի արձանագրել վարչական իրավախախտումը։ Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ «Օրենք»): Օրենքի համաձայն՝ այսուհետ հնարավոր կլինի հատուկ մշակված բջջային հավելվածում գրանցված անձանց կողմից տեխնիկական միջոցներով ամրագրված իրավախախտումներով վարչական վարույթի իրականացումը։ Ըստ Օրենքի՝ վարչական մարմինը վարչական վարույթն իրականացնում է, եթե իրավախախտումն ամրագրվել է բջջային հավելվածի օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս նույնականացնել իրավախախտումն տեսանկարահանած ֆիզիկական անձին (օնլայն ռեժիմով կատարված տեսանյութի միջոցով), իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը։ Ինչպես նաև հավելվածը հնարավորություն է տալիս պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, և եթե իրավախախտումը արձանագրած տեսանյութը վարչական մարմնին ուղարկվել է ուղիղ առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում: Ե՛վ խախտումն արձանագրած անձանց, և՛ ենթադրյալ իրավախախտում կատարած անձանց անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելու, համակարգչային միջամտությամբ մոնտաժը բացառելու, վարչական իրավախախտման վայրը և ժամը հստակ արձանագրելու համար իրավախախտումը էլեկտրոնային հավելվածի միջոցով պետք է արձանագրվի միայն օնյալն ռեժիմով: Այսինքն՝ խախտումն արձանագրող անձինք ոչ թե կհավաքագրեն տրանսպորտային միջոցների ու նրանց օգտագործողների վերաբերյալ տվյալները, այլ օնլայն ռեժիմով լուսանկարներն ու տեսանյութերը կփոխանցեն վարչական մարմնին: Շահերի բախումը և միտումնավոր գործունեությունը բացառելու նպատակով նախատեսվում են որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, քաղաքացին միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ իրավախախտման հայտ կարող է փոխանցել ոչ ավել, քան ամիսը մեկ անգամ:
Պետք է նկատել, որ Օրենքը հնարավորություն է նախատեսել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձին ծանոթանալ վարչական վարույթի հետագա ընթացքին։ Այսպես, վարչական ակտ ընդունելու համար Օրենքով նախատեսված ժամկետները լրանալուց հետո մեկօրյա ժամկետում վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի արդյունքների մասին տեղեկացնել իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած ֆիզիկական անձին՝ բջջային հավելվածի միջոցով վերջինիս ուղարկելով էլեկտրոնային հաղորդագրություն: Ուշագրավ է, որ Օրենքը հստակ սահմանում է, որ իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում ներկայացրած անձի տվյալները չեն կարող փոխանցվել իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա անձին, նրա ներկայացուցչին եւ երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական անձը գրավոր տվել է իր համաձայնությունը կամ իրավախախտման մասին հաղորդում ներկայացնելու կապակցությամբ վարչական մարմնին հայտնի դարձած ֆիզիկական անձի անձնական տվյալների փոխանցումը նախատեսված է օրենքով:
Այսինքն՝ հաղորդում ներկայացրած անձը մտավախություն չի ունենալու խուսափել իրավախախտ անձի՝ իր նկատմամբ կատարվող որևէ անբարեհաճ գործողությունից։ Ավելին, վարչական վարույթի հարուցման հիմք կարող է հանդիսանալ վարչական իրավախախտման հետ անմիջական կապ չունեցող ֆիզիկական անձի հաղորդումը։ Վարչական վարույթում ներմուծվող այս նորույթը հնարավություն կտա իրավախտումը նկատած ֆիզիկական անձին (թե վարորդ և՛ թե հետիոտն) պաշտպանել իր և այլ անձանց իրավունքները՝ միաժամանակ զգոն պահելով իրավախախտ վարորդին։ Ինչպես նաև, վարորդները, իմանալով վերոնշյալ Բջջային հավելվածի հնարավորությունների մասին, արդեն իսկ ավելի զգուշավոր կգտնվեն իրենց գործողություններում, իսկ արդյունքում հնարավոր կլինի խուսափել ավտոճանապարհային ամենօրյա տհաճ իրավիճակներից։
Հատկանշական է, որ նմանատիպ ինստիտուտ առկա է ՌԴ-ում և ԱՄՆ-ում։ Ավելին, որոշ երկրներում ոստիկանությունը վարչական վարույթ է հարուցում անգամ քաղաքացիների հեռախոսազանգերով՝ իրավախախտման մասին բանավոր ծանուցվելուց հետո: Մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում արդեն մի քանի տարի է գործում է հեռախոսային հավելված, որը կոչվում է «Մոսկվայի օգնական»: Հիշյալ հավելվածը հիմնականում կիրառվում է մայթերին և այլ վայրերում սխալ կայանած մեքենաներին տուգանելու դեպքերում: Հավելենք, որ այս գործիքակազմն ավելի արդյունավետ կիրառվելու համար ՌԴ օրենսդիրը արդեն իսկ շրջանառության մեջ է դրել և առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նպատակ ունի վերացնելու հիշյալ հավելվածի կիրառման հակասությունները գործող օրենսդրական կարգավորումների հետ: Նման մեխանիզմ գործում է նաև Տաջիկստանում: Իսկ ԱՄՆ-ում առանց էլեկտրոնային հավելվածի ցանկացած անձ կարող է զանգահարել 911 և պարզապես հայտնել որևէ տրասպորտային միջոցի կողմից կատարված իրավախախտման մասին, որից անմիջապես հետո ոստիկանությունը սկսում է համապատասխան գործողություններ իրականացնել: Ընդ որում՝ ԱՄՆ-ում՝ հենց երթևեկելի հատվածներում, մեծ պաստառներով տեղեկություններ են զետեղված բոլոր քաղաքացիների համար հետեւյալ գրությամբ. «Տեսնում եք կարգազանց վարորդ, զանգահարե՛ք 911»:
Պարզաբանումը՝ «Ի ԷԼ ԷԼ Գործընկերության» իրավաբան Դիանա Սաքանյանի